Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտպանել է Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը փաստացի օրինականացրել է երկրում մարիխուանայի օգտագործումը: Այսօր ճեպազրույցում խոսելով՝ նա հասարակությանը կոչ է արել վատ սովորությունների նկատմամբ վերաբերմունքը անհատի ազատ ընտրության իրավունքին չտանել՝ չվախենալով պետության կողմից բանտային պատժից:
Մարիխուանայի օգտագործումը, ինչպես ծխելը եւ ալկոհոլը, վատ սովորություններ են, սակայն այս թեթեւ թմանյութի համար վարչական տուգանքի չեղարկման մասին Սահմանադրական դատարանի որոշումը ճիշտ է, կարծում է Մարգվելաշվիլին:
Նախագահն ընդգծել է, որ մարիխուանայի օգտագործման հարցում հարկավոր է երկու գործոն հաշվի առնել՝ որքանով է դա լավ կամ վատ եւ կարելի է արդյոք դրա համար մարդկանց բանտարկել:
Ըստ նրա, Սահմանադրական դատարանի դատավորները նույնպես կարծում են, որ մարիխուանան ծխելը վատ է, բայց նրանք որոշում են կայացրել առաջնորդվելով ազատ հասարակության պահանջներով:
Ինչպես արդեն հաղորդվել է, հուլիսի 30-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը վերացրել է մարիխուանայի օգտագործման համար վարչական պատիժը` 500 լարի տուգանքը (ավելի քան 200 դոլար):
Ավելի վաղ, անցյալ տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանը չեղարկել էր մարիխուանա ծխելու համար սահմանված քրեական պատիժը:




























