Մակեդոնիայի 3 տասնյակ կուսակցություններ եւ շարժումներ սեպտեմբերի 30-ին նշանակված երկրի վերանվանման հարցով հանրաքվեի բոյկոտի արշավ են սկսել, հայտնում է Makfax գործակալությունը:
Հունաստանի եւ Նախկին հարավսլավական հանրապետություն Մակեդոնիայի ԱԳ նախարարներ Նիկոս Կոտզիասը եւ Նիկոլա Դիմիտրովը հունիսին համաձայնագիր էին ստորագրել երկրի նոր սահմանադրական անվանման մասին՝ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Անվանման շուրջ Հունաստանի եւ Մակեդոնիայի միջեւ 25 տարուց ավելի տեւող վեճը խանգարում է վերջինի անդամակցությանը ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Հունաստանը պահանջել է փոխել հարեւան հանրապետության անվանումը, որպեսզի այն չշփոթեն հունական Մակեդոնիա մարզի հետ:
Մակեդոնիայի ժողովի (խորհրդարանի) պատգամավորները ձայների մեծամասնությամբ՝ իշխող կոալիցիայի 68 ձայն (ընդհանուր 120-ից), հաստատել են Նախկին հարավսլավական հանրապետության վերանվանման հարցով հանրաքվեի օրը, որը նշանակվել է սեպտեմբերի 30-ին: Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաեւը մակեդոնացիներին կոչ է արել մասնակցել համընդհանուր հանրաքվեին եւ խոստացել է հարգել երկրի վերանվանման հանրաքվեում քաղաքացիների ընտրությունը: Ի պատասխան՝ 28 քաղաքական շարժումներ եւ հասարակական կազմակերպություններ, ներառյալ խոշորագույն ընդդիմադիր՝ Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն մակեդոնական ազգային միասնության կուսակցությունը Սկոպյեում հուշագիր են ստորագրել համագործակցության եւ հանրաքվեի բոյկոտի արշավի շտաբ ստեղծելու մասին:
«Մենք հավաքվել ենք թույլ չտալու, որ մեզ ջնջեն ազգերի համաշխարհային քարտեզից: Մենք դա թույլ չենք տա: Սա պայքար է ավելի շատ ներկայիս իշխանությունների դավաճանական արկածախնդրության դեմ. բոյկոտով մենք կկանգնեցնենք երկրի վերանվանումը»,- ասել է բոյկոտի արշավի կազմակերպիչ Յանկո Բաչեւը:
«Միասնական Մակեդոնիա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բաչեւը հունիսի վերջին մեծ արձագանք է առաջացրել, երբ Սկոպյեում խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական զրահապատ ջիպի վրա է բարձրացել Ռուսաստանի դրոշով եւ ավանդակլան մակեդոնական դրոշով:
Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը հինգշաբթի Հանրապետության օրվա ազգային տոնին համաքաղաքացիներին հղած իր ուղերձում «իրավական ինքնասպանություն» էր անվանել Սկոպյեի եւ Աթենքի միջեւ ստորագրված Մակեդոնիայի հանրապետության վերանվանման մասին պայմանագիրը:





























