Նոր Զելանդիայում պաշտոնապես բացվել է Հայ դատի գրասենյակը. այն համընկել է մայրաքաղաք Վելինգթոնում եւ Օքլենդում Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածությունը բարձրացնելու միջոցառումների հետ։

Գրասենյակի ղեկավարը Հուրի Ելդիզյանը նոր ձեւավորված կառույցի նպատակների մասին խոսել է Նոր Զելանդիայի խորհրդարանում: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ամերիկյան պատվիրակության անդամները, որի կազմում է Բոստոնում բնակվող թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամը, ինչպես նաեւ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներ՝ Հայկ Կայսերյանի գլխավորությամբ:

«Մեր հիմնական նպատակներից են Նոր Զելանդիայի հայ համայնքի խնդիրների մասին բարձրաձայնելը, Նոր Զելանդիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրային եւ մշակութային հարաբերությունների բարելավմանը նպաստելը, անկախ Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Պայքարելու ենք նաեւ Նոր Զելանդիայի կողմից Հայոց ցեղասպանության եւ Արցախի Հանրապետության ճանաչման համար»,- ասել է Ելդիզյանը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը շնորհավորել է Նոր Զելանդիայից գործընկերներին եւ հաջողություն մաղթել թիմի աշխատանքներին: