Թուրք-ամերիկյան հարաբերություններում կա՛մ ամենալուրջ ճեղքվածքն է առաջացել 1975-ից ի վեր, կա՛մ հերթական թեթև բախումն է. հստակ հնարավոր չէ ասել: Այս մասին ecfr.eu կայքում գրում է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերլուծաբան Ասլի Այդնթաշբաշը:
Հեղինակի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երբեմնի երկրպագու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ, կարծես, միտքը փոխել է: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի պետական գանձարանը հայտարարեց Թուրքիայի երկու նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնց պատճառն արդեն 21 ամիս կալանավայրում պահվող ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնն է. Անկարան ու Վաշինգթոնն ամիսներ շարունակ գաղտնի բանակցում են խնդրի շուրջ:
Ըստ հեղինակի՝ չնայած այս քայլը խորհրդանշական է՝ կապված արեւմտյան ազատական հայացքներից ու մարդու իրավունքներից Թուրքիայի շեղվելու հետ, սակայն Թրամփի վարչակազմի որոշումը կարող է պատմական նշանակություն ունենալ Արեւմուտքում Թուրքիայի դիրքերի համար:
Այնուամենայնիվ, այսօրվա անկանխատեսելի աշխարհաքաղաքական իրավիճակում նման միջադեպը կարող է նաեւ հանգեցնել երկար տարիների դաշնակիցների հարաբերությունների կտրուկ վատթարացման:
Ինչպես 2015 թվականին Թուրքիայի օդուժի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո Մոսկվայի, իսկ 2017-ի ամռանը Թուրքիայի իշխանությունների կողմից Գերմանիայի երկու տասնյակ քաղաքացիների ձերբակալությունից հետո Բեռլինի հետ հարաբերությունների պարագայում, այս դեպքում նույնպես կարող է ճգնաժամը խորանալ, իսկ հետո՝ հանդարտվել եւ տանել դեպի հարաբերությունների կարգավորման:
Ամեն դեպքում, այս միջադեպը հատկանշական է, քանի որ 1975թ. Կիպրոս Թուրքիայի ներխուժումից հետո առաջին անգամ է դաշնակիցների հարաբերություններում նման սրացում դիտվում: Անսովոր եւ անհանգստացնող է այն, որ թուրք դատախազներն առաջին անգամ են նման խիստ մեղադրանք ներկայացնում օտարերկրյա ձերբակալվածի: Ըստ վերլուծաբանի` սա վկայում է խորը պարանոյայի մեջ հայտնված պետանվտանգության համակարգի ձեւավորման մասին, որը վտանգ է տեսնում արեւմտյան դաշնակիցների կողմից: Այժմ Թուրքիայի ազգային անվտանգության գաղափարախոսությունը չի վստահում օտարերկրացիներին, մարդու իրավունքների ակտիվիստներին, լրագրողներին եւ ազատական ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններին՝ նրանց կասկածելով միտումնավոր կամ ոչ միտումնավոր Թուրքիան թուլացնելու կամ քանդելու գործին մասնակցելու մեջ:
Սակայն Բրանսոնի դեպքը յուրահատուկ է, քանի որ այն դիտարկվում է որպես ԱՄՆ-ում ավետարանական համայնքի պայքարի ձայն՝ դրանով քահանայի ճակատագիրը դարձնելով թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների թիրախ:
Վերլուծաբանը նաեւ լարված հարաբերությունների մի շարք այլ պատճառներ է նշում, այդ թվում՝ այն, որ Անկարան չի ներում այն, որ ԱՄՆ-ն հրաժարվում է հանձնել Ամերիկայում բնակվող թուրք քաղաքական գործիչ, գյուլենական շարժման հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Թուրքիան նաեւ դեմ է ԻԼԻՊ-ի դեմ պայքարի համատեքստում Քրդական աշխատավորական կուսակցությանը (PKK) եւ Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի աջակցությանը:
Հեղինակը նշում է, որ Անկարան մի ժամանակ համակրանքով էր վերաբերվում Թրամփին, ով ի սկզբանե տրամադրված էր լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ: Սակայն Էրդողանի հակաարեւմտյան հռետորաբանությունը, Թուրքիայում մարդու իրավունքների խախտման դեպքերն ու ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը դժվարացնում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Նրա կարծիքով՝ այս ամենում մի կարեւոր փաստ կա. երբեմն Թուրքիայի կիրառած պատանդների դիվանագիտությունն աշխատում է: Դենիզ Յուջելին Գերմանիային վերադարձնելը, կարծես, կարգավորել է Բեռլինի հետ հարաբերությունները եւ օգնել վերացնել Թուրքիային ռազմամթերք վաճառելու վրա դրված ոչ պաշտոնական արգելքը:
Ինչ վերաբերում է Բրանսոնին. 2017 թվականին խոսվում էր բանտարկյալների փոխանակման մասին. Էրդողանն առաջարկել էր ամերիկացի հոգեւորականին փոխանակել Գյուլենի հետ:
Ասլի Այդնթաշբաշը գրում է, որ դժվար է կանխորոշել այս պատմության ավարտը. հնարավոր է՝ 7-8 ամիս անց Բրանսոնը նստած լինի Հյուսիսային Քարոլինայի իր տանը, իսկ Թրամփը թվիթերյան իր էջում կրկին գովաբանի Էրդողանին կրկին գովաբանի Էրդողանին: Սակայն հնարավոր է նաեւ, որ Թուրքիան դառնա հաջորդ Վենեսուելան՝ բախվելով Արեւմուտքի հետ եւ մեծ տնտեսական ճգնաժամ ապրելով:




























