2015թ. Թեհրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրով ԱՄՆ-ն համաձայնել էր հանել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, սակայն Թրամփի վարչակազմն այժմ կրկին վերադարձնում է դրանք: Այս մասին գրում է The Washington Post-ի արտաքին քաղաքականության հարցերով թղթակից Իշան Թարուրը:
Պատժամիջոցների առաջին փաթեթը կկիրառվի օգոստոսի 6-ից՝ ներառելով մի շարք տնտեսական ոլորտներ, այդ թվում՝ մեքենաների, ոսկու, պողպատի և այլ կարևոր մետաղների: 90 օր անց Իրանի նավթի արդյունաբերության ոլորտի նկատմամբ կկիրառվի էլ ավելի խիստ պատժամիջոցների փաթեթ:
Հեղինակի խոսքով՝ այս որոշումը կանխորոշված էր արդեն մայիսից, ինչ նախագահ Թրամփը որոշեց պաշտոնապես հետ կանգնել միջուկային համաձայնագրով ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություներից: Նա նաև մերժել է եվրոպացի դաշնակիցների խնդրանքը միջուկային զենքի չտարածման հաջող համաձայնությունը պահելու մասին:
Այժմ Եվրոպայի ջանքերը՝ պաշտպանել Իրանում գործունեություն ծավալել ցանկացող եվրոպական կազմակերպություններին, թուլանում են: Հավանականությունը, որ այդ կազմակերպությունները Վաշինգտոնի կողմից կենթարկվեն «երկրորդային պատժամիջոցների», լարվածություն է մտցնում դաշնակիցների միջև։ Ավելին, արդեն իսկ բազմաթիվ առաջատար եվրոպական էներգետիկ կազմակերպություններ մասամբ կամ ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունն Իրանում:
Միաժամանակ, Իրանում պատժամիջոցների վերադարձի հավանականությունը հանգեցրել է Իրանի արժույթի՝ ռեալի արժեզրկման: Երկրի նախագահ Հասան Ռոհանին միտված է դեպի երկրի կոնսերվատիվ քաղաքական գործիչները, ովքեր ծաղրում էին իրեն և իր ջատագոված միջուկային ծրագիրը:
Ըստ հեղինակի՝ միջուկային համաձայնագիրը տարիների մեկուսացումից հետո Իրանին ընձեռել էր հնարավորություն դուրս գալ դեպի Արևմուտք: Սակայն այս դռան փակվելու հետ մեկտեղ Իրանի թեոկրատական իշխանությունը կրկին վերադառնում է «ընդդիմանալու» մասին երդմանը, ինչը ռեժիմի գլխավոր գիծն է եղել գրեթե 4 տասնամյակ շարունակ: Սա Թրամփի ձեռքբերումն է. վերջինը, իշխանության գալով, երդվել էր վերացնել իր նախորդի գլխավոր դիվանագիտական ձեռքբերումը:
Թրամփի վարչակազմի և Վաշինգտոնում Իրանի հակառակորդների կարծիքով՝ պատժամիջոցները կշարունակեն թուլացնել երկիրն ու ռեժիմը: Այս օրերին Թրամփը պարծենում էր Իրանում տնտեսական բողոքի ցույցերի մասին և դրանք կապում Թեհրանում պատժամիջոցների կիրառման շուրջ ծավալված քաղաքական մթնոլորտի հետ: Ըստ նրա՝ այս ամբողջ խառնաշփոթը կստիպի Իրանին բանակցություններ սկսել նոր միջուկային ծրագրի շուրջ:
Սակայն վերլուծաբաններն այլ կարծիքի են։ Օրինակ՝ Միջազգային խաղաղության Քարնեգիի փորձագետ Քարիմ Սադջադփուրը թվիթերում գրում է, որ Թրամփը կարծում է, թե օգնում է Իրանի համընդհանուր բողոքին, բայց, միաժամանակ, պատրաստ է իրանցիներին զոհաբերել՝ նրանց առաջնորդի հետ համաձայնագիրը խզելով: Սակայն Իրանում տնտեսական, քաղաքական և սոցիալական փոփոխության պահանջը կար Թրամփի նախագահ դառնալուց շատ առաջ, ուստի, փորձագետի կարծիքով, նա ո՛չ կարող է սրել, ո՛չ էլ ցրել այդ հավակնությունները:
Ավելին, չնայած կուտակվող դժվարություններին՝ ռեժիմին տապալում չի սպառնում: Փորձագետների խոսքով՝ նոր պատժամիջոցներն ավելի թեթև են, քան համաձայնագրին նախորդողները: Եվ մինչ եվրոպացի դաշնակիցները դժկամորեն կարող են տեղի տալ Վաշինգտոնի ճնշմանը, Հնդկաստանն ու Չինաստանը այդպես հեշտ չեն համաձայնի:
Փորձագետները նշում են, որ Չինաստանը հայտարարել է, թե, հավանաբար, կշարունակի Իրանից նավթի ներմուծումը եւ, ավելին, փորձում է ընդլայնել իր համագործակցությունն Իրանի հետ էներգետիկ հատվածում ներդրումների և իր հանդուգն համաշխարհային ներկառուցվածքների ծրագրի միջոցով, որը հայտնի է որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնություն: Փորձագետները նաև նշում են, որ Չինական օրինակին կարող են հետևել շատերը՝ այդպիսով թուլացնելով ԱՄՆ պատժամիջոցների թողած ազդեցությունը:
Իշան Թարուրը գրում է նաև, որ այս ամենի վրա ազդում է ԱՄՆ-Չինաստան տևական առևտրային տարաձայնությունը: «Իրանի դեմ խիստ ճնշող պատժամիջոցներ կիրառելն առանց Չինաստանի հետ փաստացի համագործակցության չափազանց դժվար կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Օբամայի վարչակազմի օրոք Իրանի հետ համաձայնագրի շուրջ աշխատող պետդեպարտամենտի պաշտոնյա Ջարեթ Բլանկը՝ հավելելով, որ Իրանն այժմ պակաս դիմացկուն չէ, քան միջուկային համաձայնագրի նախորդ տարիներին:




























