Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի խնդիրը ՀՀ գյուղնախարարության քաղաքականության մեջ է, ավելի ճիշտ՝ դրա բացակայության: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Նա կարծում է, որ գյուղնախարարությունում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում պատահական մարդիկ, որոնք հեռու են ոլորտից եւ կուսակցական շահեր կամ անձնական ամբիցիաներ են հետապնդում:

«Միաժամանակ, նոր իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Հայաստանի ագրարային ոլորտում որակյալ կադրերի պակաս կա եւ հարկավոր է մասնագետների հրավիրել արտերկրից, չի համապատասխանում իրականությանը: Մենք շատ փորձառու կադրեր ու ֆերմերներ ունենք, որոնք ունակ են 2 տարվա ընթացքում ոտքի հանել գյուղատնտեսությունը»,- վստահեցնում է ՀԿ ղեկավարը:

Նրա խոսքով՝ գյուղնախարարության պաշտոնյաների անգրագիտությունը հանգեցնում է տնտեսական ձախողումների:

«Դա է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի իրական դժբախտությունը»,- եզրափակեց Հրաչյա Բերբերյանը: