«Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններն արդեն հայտարարել են, թե սեպտեմբերի 23-ին սպասվող Երեւանի ավագանու ընտրություններին ում են առաջադրելու քաղաքապետի պաշտոնում, սակայն  պաշտոնապես դեռ չեն հստակեցրել՝ դաշինքո՞վ, թե՞ առանձին են մասնակցելու:

Բայց արդեն ակնհայտ է, որ երբեմնի դաշնակիցները մրցակիցներ են դառնալու՝ մասնակցելու են առանձին. «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ Հայկ Մարությանի թեկնածությամբ, իսկ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները՝ դաշինքով, որի ցուցակը գլխավորելու է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ ԼՀ-ի անդամ, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրենք սպասում են ՔՊ-ի վերջնական արձագանքին, թե ինչ ձեւաչափով են  ցանկանում մասնակցել: Իսկ ինչու է ուշանում ՔՊ-ի արձագանքը. NEWS.am-ն այս հարցի շուրջ զրուցել է «Ելք» դաշինքի պատգամավոր, ՔՊ անդամ Հրաչյա Հակոբյանի հետ։

Պարոն Հակոբյան,  արդեն հայտնի են երկու կողմի քաղաքապետի թեկնածուները, ինչո՞ւ վերջնականապես չեք հայտարարում՝ ի՞նչ ձեւաչափով եք մասնակցելու։ 

Այս պահի դրությամբ դեռ մենք էլ չունենք հստակ դիրքորոշում, որոշված չի՝ դաշինքով, թե՞ առանձին: Այս պահին ցուցակի հետ կապված հարցերն ենք քննարկում, դեռ որոշում չկա, վարչությունն էլ, երեւի, մոտ ապագայում նիստ կանի, նոր կլինի:

Արտակ Զեյնալյանի թեկնածության հետ կապված առարկություն կա՞։

Մենք արդեն հայտարարել ենք մեր թեկնածուի մասին. նա Հայկ Մարությանն է: Չեմ կարող Արտակ Զեյնալյանի հետ կապված ավել որեւէ բան ասել։ Ես միայն կարող եմ ասել՝ մենք հայտարարել ենք մեր թեկնածուին։

Կարո՞ղ ենք ասել, որ Հայկ Մարությանի թեկնածությունը դարձավ դաշինքի, այսպես ասած,  ջրբաժանը։

Ոչ, չեմ կարծում: Ամեն դեպքում՝ իրենք իրենց թեկնածուին են առաջադրել, իսկ մենք շատ վաղուց մերն ունեինք։

Այսինքն՝ ի սկզբանե ՔՊ-ն ցանկանում էր առանձի՞ն մասնակցել։

Եթե անկեղծ ասեմ, մեր քննարկումներին ես ներկա չեմ եղել, վարչության անդամների մակարդակով է եղել, այնպես որ՝ ես տեղյակ չեմ՝ ինչ է եղել։ Ես չեմ կարծում, որ Հայկ Մարությանի թեկնածությունն էր խնդիրը։

Հայկ Մարությանը հանրությանը հայտնի է երգիծական մանրապատումներից, եւ նրա թեկնածությունը մինչեւ հիմա  Հայաստանում գործած ստանդարտներից դուրս է, ինչի պատճառով էլ, թերեւս, բուռն քննարկվեց  քաղաքապետի պաշտոնին նրա համապատասխան եւ անհամապատասխան լինելու հարցը։ Արտակ Զեյնալյանը ստանդարտների շրջանակում է. իրավապաշտպան է եղել, պատգամավոր, նախարար։ Այս առումով ՔՊ-ի շանսերը չե՞ն  նվազում։ 

Ես չէի ասի, որ Հայկ Մարությանի դիրքերը զիջում են, որքան էլ Ֆեյսբուքում հանդիպում ենք գրառումների նրա անփորձ լինելու կապակցությամբ։ Ես ինքս վերջին շրջանում շատ հանդիպումներ եմ ունեցել քաղաքացիների հետ եւ  հետաքրքրվել մարդկանց կարծիքով, հարցրել Հայկի թեկնածության մասին եւ կարող եմ վստահել, որ ֆեյսբուքյան տիրույթից դուրս տասը հոգուց ինը գիտի, որ պրոդյուսեր է եւ իր բոլոր ֆիլմերն ինքն է ստեղծել, վաճառել, եւ շատ կողմ են այդ թեկնածությանը։ Ասել, որ Հայկի դիրքերը զիջում են Արտակ Զեյնալյանին, այդպես չէ։ Այնպես որ՝ բացի այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն կա, որը Հայկի թիկունքին է, կա նաեւ Հայկ Մարության, որին հանրությունը շատ լավ ընդունում է եւ պատրաստ է տեսնել քաղաքապետի պաշտոնում։

Կարծիքներ կան նաեւ, որ հեղափոխությունից հետո  ով էլ լիներ ՔՊ-ի թեկենածուն, կընտրեին: Համաձա՞յն եք։

Այդքան էլ այդպես չէ, վստահեցնում եմ, որ էյֆորիայի մթնոլորտը որոշակի իջել է, եւ ես վստահ եմ, որ էնպես չի, որ ՔՊ-ն ում առաջադրեր՝ մարդիկ կընտրեին։ Բնականաբար, «Քաղաքացիական պայմանագրի» գործոնը կա, մարդիկ հաշվի են առնում քաղաքական ուժին, բայց կա նաեւ թեկնածուի գործոնը։ Օրինակ, եթե ՔՊ-ն, ենթադրենք, առաջադրեր նախկին քաղաքական գործիչներին, որոնք վարկաբեկված են հանրության շրջանում, կընտրեի՞ն, կասեին՝ ՔՊ-ն է ասել, ուրեմն պետք է ընտրե՞լ։ Վստահեցնում եմ՝ այդպես չէր լինի։ ՔՊ-ի գործոնը մեծ դեր ունի, բայց այնպես չի, որ Հայկ Մարությանն անընդունելի է հանրության համար։

Կարո՞ղ ենք համարել, որ ավագանու ընտրություններով ուրվագծվեց նաեւ ԱԺ արտահերթ ընտրություններում «Ելք» դաշինքի մասնակցության ձեւաչափը։

Չեմ կարծում, որ կարելի է կապել մեկը մյուսի հետ։ Գուցե ավագանու ընտրություններին այսպես մասնակցենք, բայց դեռ ժամանակ կա համապետական ընտրություններին, այնպես որ՝ եկեք այդպես չնայենք։ Եթե հիմա որոշվի, որ մասնակցենք առանձին, վստահ չի կարելի ասել, որ խորհրդարանական ընտրություններին էլ ենք առանձին մասնակցելու։ 

Ստացվում է՝ «Ելք» դաշինքի անդամները մեկ տարի անց ստիպված են մրցակցել միմյանց հետ։

Եթե առանձին ենք մասնակցելու, թեեւ այս պահին, իհարկե, դեռ հստակ որոշում չկա, բնականաբար, մրցակցելու ենք։