Էկվադորի կառավարությունը բանակցություններ է վարում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտարարել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով NTN24-ին:

Նրա խոսքով, երբ կողմերը համաձայնության գան, Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը կլքի: Մորենոն նշել է, որ դա կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի», սակայն այն դեպքում, եթե Ասանժի իրավունքները չխախտվեն:

Օգոստոսի սկզբին Bloomberg-ը աղբյուրներին վկայակոչելով հաղորդել էր, որ WikiLeaks-ի հիմնադիրը առողջական խնդիրների պատճառով որոշել է մոտ ժամանակներս լքել Էկվադորի դեսպանատունը:

2012 թվականին Ասանժը Էկվադորից քաղաքական ապաստան էր խնդրել ԱՄՆ-ին արտահանձնվելու մտավախության կապակցությամբ, քանի որ WikiLeaks ծրագրի շրջանակներում գաղտնի տեղեկությունների բացահայտման պատճառով նրա դեմ գործ էր հարուցվել: Նա ստացել է քաղաքացու կարգավիճակ եւ վեց տարվա ընթացքում չի հեռացել դիվանագիտական առաքելության շենքից: