Երեւանյան խանութներում հունվարի 31-ից մոտ 10 տոկոսով թանկացել է շաքարավազը։ Ներկայում 1 կգ-ը վաճառվում է 350-360 դրամով, նախկին 330-ի համեմատ։
Նշենք, որ միջազգային շուկայում 2010 թ. տեղի է ունեցել շաքարի գնի կրկնակի բարձրացում։ Եթե 2010 թ. սկզբում շաքարի 1 ֆունտն (0,4535 կգ) արժեր մոտ 0,15 դոլար, ապա տարեվերջում՝ արդեն 0,31 դոլար։ Այս տարվա հունվարի շաքարի գների աճը շարունակվել է՝ կապված շաքարի հումք եւ շաքար արտահանող երկրներում (Բրազիլիա, Ավստրալիա, Պակիստան) բնակլիմայական վատ պայմաններով։ Ենթադրվում է, որ աշխարհի խոշորագույն շաքար արտադրող երկրում՝ Բրազիլիայում, այս տարի բերքը զգալիորեն քիչ կլինի։
Թեեւ աշխարհում տեղի էր ունենում գների էական աճ՝ Հայաստանում շաքարավազի գինը երկար ժամանակ կայուն էր։ Դա պայմանավորված էր Ախուրյանի շաքարի գործարանի աշխատանքով, որը պահուստավորեց զգալի քանակությամբ շաքարավազի հումք եւ կարողացավ որոշ ժամանակ զերծ մնալ շաքարավազի թանկացումից։ Սակայն դա երկար շարունակվել չէր կարող, քանի որ հարեւան Վրաստանում տեղի է ունեցել շաքարավազի գնի կտրուկ բարձրացում։ Վերջին տվյալներով՝ այդ երկրում շաքարավազի 50 կիլոգրամանոց 1 պարկը վաճառվում է 57 դոլարով, ինչը համարժեք է 20,8 հազ. դրամի։ Այսինքն՝ Վրաստանում 1 կգ շաքարավազը վաճառվում է 416 դրամին համարժեք գնով։ Բնականաբար՝ վրացի գործարարները Հայաստանում ավելի էժան շաքարավազի գնումներ են իրականացնում, ինչն էլ ստիպում է Ախուրյանի գործարանին՝ բարձրացնել վաճառքի գները։
Նշենք, որ Ռուսաստանում շաքարավազի մեծածախ գները նույնպես զգալիորեն ավելի բարձր են, քան Հայաստանում, թեւ վերջին շաբաթների ընթացքում գները այնտեղ փոքր-ինչ նվազել են։ Վերջին տվյալներով՝ շաքարավազի կգ-ի գինը Ռուսաստանում տատանվում է 1 դոլարի սահմաններում։





























