Սիրիայի նախագահ Բաշար Ասադի Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել հանել վիզային ռեժիմը երկու երկրների միջեւ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։

Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պատվին Ստամբուլում Ռամադանի կապակցությամբ ճաշկերույթ էր կազմակերպել, որին մասնակցել է Ասադը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այդ ընթացքում հայտարարվել է, որ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ երկկողմանի մուտքի վիզաները հանվում են եւ ստեղծվում է համատեղ բարձր մակարդակով Ռազմավարական համագործակցության խորհուրդ։ Մինչ այդ Սիրիայի նախագահն ու Թուրքիայի վարչապետը Ստամբուլի հրաշագեղ «Դոլմաբահչե» պալատի (որի ճարտարապետն է Օսմանյան ժամանակաշրջանում հայտնի ճարտարապետ Կարապետ Պալյանը ) վարչապետի աշխատանքային գրասենյակում մեկ ժամի չափ քննարկել են երկկողմ հարաբերությունները, քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը, վերջին շրջանում Իրաք-Սիրիա լարվածությունը եւ Իսրայելի ու Սիրիայի միջեւ հաշտեցման բանակցությունների վերսկսման հարցերը։

NEWS.am-ը հիշեցնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիա մեկնելուց մեկ օր առաջ ընդունել էր թուրք լրագրողների, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ասադը ողջունել էր այդ գործընթացը եւ իր աջակցությունը հայտնել դրան։ Նա շեշտել էր, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ խաղաղությունը դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։