Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու պարգևատրումը հայկական Պատվո շքանշանով՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործունեության արդյունք է,- «Էխո Մոսկվի»-ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, քաղաքագիտության դոկտոր-պրոֆեսոր Իգոր Պանարինը։

«Հայաստանում է գտնվում ԱՄՆ խոշորագույն դեսպանատներից մեկը։ Եվ որպես այդ դեսպանատան գործունեության արդյունք՝ աղաղակող փաստ՝ Հայաստանի նախագահը պարգևատրում է Վրաստանի նախագահին օս ժողովրդի բարբարոսական ցեղասպանության գրեթե տարելիցին։ Ահա հենց սա է ամերիկյան ազդեցությունը եւ իրական գործողությունները Անդրկովկասի տարածաշրջանում»,- ասել է Պանարինը։

Ռադիոեթերի մյուս մասնակիցը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ալեքսեյ Միտրոֆանովը սկցբում փորձել է մտնել Հայաստանի դրության մեջ. «Սպասեք, Հայաստանը գտնվում է փակուղում։ Եթե նրան զրկեն Վրաստանի հետ շփվելու հնարավորությունից, նրա վերջը կգա։ Դա պրագմատիզմ է։ Դուք գիտե՞ք, որ օգոստոսյան իրադարձությունների ժամանակ Հայաստան անգամ մի կաթիլ բենզին չէր հասնում։ Այդ իրադարձությունների ամենատուժած կողմը Հայաստանն էր»։

Սակայն ի պատասխան դրա Պանարինը առարկել է, որ «ցեղասպանություն իրականացրած նախագահի պարգևատրումը՝ ելք չէ»։

«Յուրաքանչյուրը գոյատևում է այնպես, ինչպես կարող է»,- շարունակել է Միտրոֆանովը և հանկարծակի վրա բերել. «Հայերն ավելի շուտ, քան վրացիները, կմտնեն ՆԱՏՕ»։