Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մտադիր չէ թողնել մարդու իրավունքների միջազգային ոլորտը:
«Ես մտադիր չեմ դուրս գալ մարդու իրավունքների միջազգային ոլորտից եւ կարիերաս կշարունակեմ այդ ոլորտում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 2-ին հայտարարել է Արմեն Հարությունյանը՝ մեկնաբանելով իր նշանակումը Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի պաշտոնում:
Նրա խոսքով, Մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում նշանակվում են մրցութային կարգով եւ զբաղեցնում են պաշտոնը 1-2 տարի:
Սակայն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգում լիազորությունների ավարտից հետո հնարավորություն է ընձեռվում շարունակել կարիերան՝ այլ պաշտոն զբաղեցնելով:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը սահմանված կարգի համաձայն հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանի ազգային Ժողովին: Արմեն Հարությունյանը նշանակվել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ: Նշենք, որ Հարությունյանը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն զբաղեցնում է 2006 թվականի փետրվարի 20-ից՝ 6 տարի ժամկետով:





























