Փողոցային առեւտուրն արգելելու մասին Երեւանի քաղաքապետարանի որոշումը չպետք է իրականացվեր այսքան կտրուկ միջոցներով։ Փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանը՝ պատասխանելով սպառողների եւ բացօթյա առեւտրով զբաղվող մարդկանց իրավունքների մասին հարցին:

Հարությունյանի կարծիքով, Երեւանի քաղաքապետարանը պետք է նախապես զգուշացներ փողոցային առեւտրով զբաղվող մարդկանց՝ նրանց հնարավորություն տալով իրենց առեւտուրը կազմակերպել շուկաներում:

«Միանշանակ է, որ մայրաքաղաքում փողոցային առեւտուր չպետք է լինի,սակայն միջոցը, որը կիրառել է Երեւանի քաղաքապետարանը, անընդունելի է։ Ինչ վերաբերում է սպառողների շահերի պաշտպանությանը, ապա դրանք խախտվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երկրում տիրում է մենաշնորհային տնտեսությունը»,- նշեց օմբուդսմենը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի քաղաքապետարանը սկսել է քաղաքում բացօթյա առեւտուրը վերացնելու եւ կանխելու ուղղությամբ լայնամասշտաբ ծրագրերի իրագործումը։ 

Այս ծրագրի նպատակն է կատարել Հայաստանի օրենսդրության պահանջը՝ սպառողներին հեռու պահել անորակ մթերքից, կանխել եւ բացառել թունավորումների դեպքերը:

Նշենք, որ բացօթյա առեւտուրը թույլատրելի է միայն ծաղիկների, սածիլների, եղեւնիների, պաղպաղակի, ջրերի, հյութերի եւ զովացնող ըմպելիքների դեպքում։