«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, որը 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի անդամ էր եւ չի ստորագրել հանձնաժողովի վերջնական զեկույցը, պատրաստվում է իր զեկույցը հրապարակել եւ դրանք ներկայացնել միջազգային կառույցներին: Այդ մասին Արամ Կարապետյանը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Անդրադառնալով զեկույցին՝ ՆԺԿ նախագահը նշեց, որ Նիկոյանի ներկայացրած զեկույցը բավական լղոզված զեկույց էր: «Այդ զեկույցը կարեւորագույն հարցերի պատասխանները չտվեց՝ ո՞վ էր հրամայել կրակել, ո՞վ էր կազմակերպել, կայի՞ն օլիգարխների խմբեր, թե՞ ոչ, ի՞նչ հանգամանքներում զոհվեցին 10 հոգին եւ բազում այլ հարցեր»,- արձանագրեց ՆԺԿ նախագահը: Ի դեպ, զեկույցում սկզբից մինչեւ վերջ երեւում է, թե ամեն ինչի մեղավորը ընդդիմությունն է: «Իհարկե դա արդարացված չէ: Ինչո՞ւմ է մեղավոր, որ դուրս է եկել խաղաղ ձեւով պայքարելո՞ւ իր իրավունքների համար: Ընդդիմությունը մի բանում գուցե մեղավոր էր, որ այդ ամենն անում էր առանց թույլտվության»,- ասաց Կարապետյանը եւ հավելեց. «Եթե մարտի 1-ին չցրեին, Սահմանադրական դատարանը երկրորդ փուլ կկազմակերպեր, որից հետո իշխանությունը միանշանակ կփոխվեր»:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը բռնությամբ ցրեց Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարներին, իսկ երեկոյան արդեն հրազեն կիրառեց, ինչի արդյունքում զոհվեցին 10, վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Առ այսօր սպանությունները չեն բացահայտվել: Իսկ երեկ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե մարտի 1-ի մեղավորը ընդդիմությունն է: