Հայաստանում չկա այնպիսի քաղաքական ուժ, որի ետեւից զանգվածները կգնան: Նման անսպասելի հայտարարությամբ Ազգային Ժողովում կայացած ճեպազրույցում հանդես է եկել կառավարող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքերով, հայ ժողովուրդն իշխանափոխություն կամ հեղաշրջում չի ուզում, նա ուզում է լավ ապրել, իսկ որոշ «կեղտոտ» քաղաքական ուժեր փորձում են արկածախնդրություն անել եւ հասնել իրենց նպատակներին: «Ժողովրդի մեջ բազմաթիվ սոցիալական խնդիրներ են կուտակվել, իսկ որոշ քաղաքական ուժեր, շահարկելով ժողովրդի դժգոհությունները, որոշել են գալ իշխանության»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ խոսելով ընդդիմության այսօրվա հանրահավաքի մասին: