Չնայած 2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցն արդեն հրապարակված է, դեռ կան բազմաթիվ անորոշ հարցեր, որոնք պատասխան են պահանջում: Նման կարծիքի են հանգել գրեթե բոլոր խորհրդարանական ուժերը՝ լսելով հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի ներկայացրած զեկույցը:
Այն, որ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովն ի վիճակի չի եղել լիարժեք ուսումնասիրել եւ անկողմնակալ գնահատական տալ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած զանգվածային գործողություններին, պարզ էր ի սկզբանե, իսկ հանձնաժողովի երեկվա զեկույցը մեկ անգամ եւս հաստատեց դա: Այդ մասին սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցում հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է նոր, ավելի լայն լիազորություններով օժտված հանձնաժողով ստեղծել:
Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: «Էջը փակված չէ, եղել են զոհեր եւ պետք է գտնել մեղավորներին»: «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ ՀՅԴ-ն առաջիկայում ներկայացնելու է ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության լուծման վերաբերյալ նախագիծ: Ընդ որում, նա նկատեց, որ հանձնաժողովի զեկույցը ընդհանուր առմամբ հավասարակշռված էր, բայց եթե ՀՅԴ-ն բավարարված լիներ, հատուկ կարծիք չէր գրի:
Հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը բոլոր միջոցներով փորձում էր արդարացնել ժամանակավոր հանձնաժողովի գործունեությունը եւ համաձայն չէր գործընկերների հետ: «Կարող եմ միանշանակ ասել, որ հանձնաժողովն աշխատել է արդար եւ չի տրվել ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական առաջնորդների ճնշումներին: Երբ կրքերը մարեն, բոլորը կհասկանան, որ հանձնաժողովին հաջողվել է պատասխանել բազում հարցերի, եւ հասարակությունն ինքը կտա նրա գործունեության անկողմնակալ գնահատականը: Իհարկե, մենք եւս կցանկանայինք տալ այդ դեպքերի մեղավորների կոնկրետ անուններ, բայց հանձնաժողովի լիազորություններն այդքան լայն չէին»: Հանձնաժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Սաֆարյանը ընդգծեց զեկույցը հանրության շրջանում տարածելու անհրաժեշտությունը, քանի որ «Նման լիարժեք եւ օբյեկտիվ փաստաթուղթ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ դեռ չի մշակվել»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին խորհրդարանական հանձնաժողովը հանդես եկավ Հայաստանում նախագահական ընտրություններին հաջորդած դեպքերի վերաբերյալ զեկույցով:




























