Միջպետական ավիացիոն կոմիտեի ավիացիոն ռեգիստրը այսօր՝ փետրվարի 3-ին, արտոնագիր կշնորհի ռուսական «Sukhoi SuperJet-100» տիպի նորագույն ինքնաթիռին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Արտոնագրի ստացումը թույլ է տալիս սկսել նրա առեւտրային շահագործումը եւ հաստատում է, որ ինքնաթիռը համապատասխանում է Միջպետական ավիացիոն կոմիտեի չափանիշներին եւ նորմերին։
«Sukhoi SuperJet-100»-ները պետք է փոխարինեն ներկայումս շահագործվող ՏՈՒ-134 տիպի ինքնաթիռներին։ Առաջին պատվիրատուին՝ հայկական «Արմավիա» ընկերությանը, ինքնաթիռը կհանձնվի 2011 թվականի սկզբին։ Առաջին սերիական ինքնաթիռն ստացել է Յուրի Գագարինի անունը։
«Sukhoi SuperJet-100»-ը մոտ տարածությունների վրա աշխատելու համար նախատեսված նորագույն ռուսական ինքնաթիռ է՝ հաշվարկված մինչեւ 5 հազար կմ հեռավորությամբ թռիչքներ կատարելու համար։
Հանրությանն այն առաջին անգամ ներկայացվել է 2007 թվականի սեպտեմբերի 26-ին։ 2008 թվականի մայիսի 19-ին «Sukhoi SuperJet-100»-ը կատարել է իր առաջին թռիչքը։





























