Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերել Ռուսաստանի հետ՝ Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային ընտրական հանդիպումը «ծախելու» վերաբերյալ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 3-ին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով այդ մասին մամուլի հրապարակումներին։ «Այսօր ասուլիս եմ հրավիրել այն պատճառով, որ բավականին մեծ աղմուկ է բարձրացրել «Ժամանակ» օրաթերթի հոդվածի շուրջ, որով փորձել  են վարկաբեկել մեր հավաքականին: Վերջին շրջանում մեր հավաքականը  բավականին լավ արդյունքների հասավ, մենք այդքան համախմբված հավաքական վերջին քսան տարիների ընթացքում չենք ունեցել: Մենք հասանք այն իրականությանը, որ վերջապես երեւում է հնարավորություն` մասնակցել Եվրո- 2012-ին: Դրա համար Ֆուտբոլի ֆեդերեցիան ամեն ինչ անում է»,-հայտարարեց Հայրապետյանը։

Նա նշեց, որ հայկական ֆուտբոլին վերաբերող ցանկացած հոդված հայտնվում է ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի ուշադրության կենտրոնում եւ այդ կառույցները սկսում են ծառայողական քննություն իրականացնել։ ՀՖՖ նախագահը հայտարարեց նաեւ, որ նման վարկաբեկող հոդվածները անվանարկում են ոչ միայն իրեն, որպես ՀՖՖ նախագահի, այլ նաեւ երկրին։ «Ես ներկայացնում եմ ոչ միայն Հայաստանը եւ հանդես գալիս որպես ՀՖՖ նախագահ, այլ նաեւ նեկայացնում եմ ՈՒԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն։ Եւ երբ գրում են, որ Հայրապետյան Ռուբենը թմրաբիզնեսով ա զբաղվում, զենքի առեւտրով ա զբաղվում, դա խփում ա նաեւ մեր երկրի իմիջի վրա։ Ես տարբեր բանակցությունների մեջ եմ մեր ֆուտբոլի զարգացման եւ ապագայի հետ կապված խնդիրներով՝ սկսած ֆինանսականից, վերջացրած ֆուտբոլային քաղաքականությամբ։ Ի վերջո, ո՞վ կնստի, կբանակցի մի մարդու հետ, ով նարկոտրաֆիկով ա զբաղվում, ո՞վ լուրջ պայմանագիր կստորագրի մի մարդու հետ, ով խաղ ա վաճառում»,-տարակուսեց ՀՖՖ նախագահը։ 

Ռուբեն Հայրապետյանը «մարմնավաճառություն» որակեց խաղը վաճառելը, մի արարք, որին ինքն ընդունակ չէ։ Դիտարկմանը, թե պետական մակարդակով գուցե նման պայմանավորվածություն ձեռք բերված լինի, ՀՖՖ նախագահը կոշտ արձագանքեց. «Չի կարա տենց բան լինի, ումո՞վ պիտի անեն, եթե անեն, ինձնով պիտի անեն» եւ հավելեց, որ ինքը պետությունը շատ է սիրում։