«Այդ ի՞նչ աղմուկ է Նուբարաշենի 18-րդ հատուկ դպրոցի շուրջ, որը մենք կառավարության որոշմամբ միացրինք Փոքր Մհեր կրթահամալիրին»,- այս հարցը այսօր՝ փետրվարի 3-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղղեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Նշենք, որ նման հարց նիստի օրակարգում չկար, սակայն նախարարի համար հարցը անակնկալ չէր՝ նա շատ մանրամասն ներկայացրեց իրավիճակը։
Աշոտյանի պարզաբանմամբ՝ 18-րդ դպրոցը նախատեսված էր հակաիրավական եւ հակասոցիալական վարք ունեցող երեխաների համար։
Հայաստանում նման 2 դպրոց կար՝ մյուս Դավիթաշենում է։ Սակայն վերջին տարիներին Նուբարաշենի դպրոցում տեղի է ունեցել կոնտինգենտի նվազում։ Դպրոցը սկսել է ընդունել այնպիսի երեխաների, որոնք նշված թիրախային խմբում չեն։ Այսպես՝ 80 աշակերտներից միայն 9-ն են ունեցել համապատասխան վարքագիծ։ Այսինքն՝ դպրոցը «բնականոն» փակման եզրին է եղել, սակայն արհեստականորեն շարունակել է իր գոյությունը։ Այդ դպրոցի վերաբերյալ բազմաթիվ իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպություններ բացասական կարծիք են հայտնել։ Մյուս խնդիրը կապված է աշխատանքային կարգապահության հետ։ Ուսուցիչները կանոնավոր չեն հաճախում, համապատասխան համազգեստ չեն կրում, պարբերաբար խախտվում են երեխաների իրավունքները։ Չնայած դրան՝ նախարարը խոստացել է որեւէ մեկին գործազուրկ չթողնել։ Բացի այդ՝ կառավարությունը մեծ գումարներ է նախատեսել դպրոցի վերանորոգման եւ այլ ծախսերի նպատակներով։
Ա. Աշոտյանի այս պարզաբանումներից հետո վարչապետը զարմացավ՝ բայց այդ դեպքում ինչու ե՞ն բողոքում, իսկ եթե խախտումներ են եղել՝ ինչո՞ւ չեն պատժվում։ նախարարն ասաց, որ տնօրենին խիստ նկատողություն է տվել։ Սակայն վարչապետին այդ պատասխանը չբավարարեց։ «Անհասկանալի է, թե ինչու ե՞ն բողոքում։ Բյուջեից փող ենք տվել մեծ դժվարությամբ, հարյուրավոր դպրոցների չենք տվել։ Ծնողներ կան, որոնք ուզում են, որ իրենց երեխաներն այնտեղ սովորեն, բայց մենք հնարավորություն չունենք ընդունելու։ Իրենք կանոնները խախտում են, անօրնականությունները բացահայտվում են, իրենք բողոքում են։ Պետք է հրապարակային դարձնել, պատժել մեղավորներին։ Թե չէ՝ Փոքր Մհերը չէր երազում այդ բեռը վերցնել, մենք ենք խնդրել»,- ասաց վարչապետը։
Ի պատասխան ԿԳ նախարարը անկեղծացավ. «Այնտեղ խիստ որոշակի շրջանակներ կան, խիստ որոշակի շահեր կան, եթե բանը հասնի նրան, որ ես ստիպված լինեմ նաեւ քաղաքական հայտարարություններ անելու, ես դա կանեմ, պարոն վարչապետ»,– հայտարարեց Ա. Աշոտյանը։





























