Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը Ժնեւում բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումից հետո Բոլթոնն ասել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, ներառյալ սպառազինությունների վերահսկման հարցերը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները կպահպանվեն, սակայն Պատրուշեւի հետ բանակցություններում «շոշափելի առաջընթաց» է գրանցվել:
Իր հերթին, Պատրուշեւն ասել է, որ Բոլթոնի հետ հանդիպումը կառուցողական էր, ոչ մի մեղադրանք միմյանց հասցեին չհնչեց: Նա նշել է, որ բանակցությունների շրջանակներում անդրադարձել են Սիրիայի, Իրանի, Աֆղանստանի եւ Ուկրաինայի խնդիրներին: Պատրուշեւի խոսքով, վերջինիս վերաբերյալ երկխոսությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Բացի այդ նա պատմել է Մոսկվայի կողմից Բոլթոնին փոխանցված առաջարկների մասին: Պատրուշեւը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն պարտավորվել է քննարկել դրանք՝ չմանրամասնելով, թե ինչ առաջարկների մասին է խոսքը: Նա նաեւ հայտարարել է, որ Բոլթոնին տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների համար Մոսկվա է հրավիրել: Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի, հանդիպումն ավելի քան 5 ժամ է տեւել:





























