Տասը տարի առաջ ես խստորեն պահանջեցի ռուսական զորքերի դուրսբերումը, եւ 10 տարի անց ես կրկին աջակցում եմ Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին վրացական կառավարության աշխատակազմում բանակցություններից հետո Վրաստանի վարչապետ Մակուկա Բախտաձեի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նրա խոսքով ՌԴ նախագահ Պուտինը «գիտի իր դիրքորոշումը օկուպացիայի վերաբերյալ, դա անարդարացի է»:
«Վաղը ես հնարավորություն կունենամ մոտենալ վարչական սահմանին, սահմանազատման գծին, որտեղ ներկայացված է նաեւ ԵՄ առաքելությունը: Այն ինչ տեղի է ունենում, անարդարություն է: ՌԴ նախագահը գիտի իմ դիրքորոշումը, այդ թվում Ուկրաինայի հետ կապված, մենք խոսում ենք այդ մասին: Որոշ իմաստով դա նույն համատեքստում է: Չնայած մեծ լարվածությանը, մեծ ջանքերին, շատ քիչ բան է արվում այս մեծ անարդարությունը մեկընդմիշտ անցյալ դարձնելու համար: Դա չպետք է սովորական դառնա, չպետք հաշտվենք այս իրավիճակի հետ, մենք պետք է ամեն օր հնարավորինս շատ խոսենք այդ մասին», - ասել է Մերկելը:
Նա նշել է, որ Արեւելյան գործընկերության համատեքստում Վրաստանը շատ կարեւոր գործընկեր է: «Ասոցացման համաձայնագիրը, Ազատ առեւտրի համաձայնագիրը, երկկողմ հարաբերությունների ամրապնդումը եւ ընդլայնումը: Այժմ մենք աշխատում ենք ընդլայնել առկա գործիքները, եւ իմ այցը նպաստում է, օրինակ, տնտեսական հարաբերությունների խորացմանը», - ասել է Անգելա Մերկելը:
Միեւնույն ժամանակ, ըստ Գերմանիայի կանցլերի, վիզային ռեժիմի ազատականացումը շատ կարեւոր քայլ էր: «Կարծում եմ, որ վիզայի ռեժիմի ազատականացումը քայլ է, որը երկու կողմերի համար էլ շատ կարեւոր է: Մաղթում եմ, որ մեր երկրները ավելի խորացնեն երկկողմ հարաբերությունները», - ասել է նա:





























