Օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 23-ին Ծաղկաձորում «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:
«Ես ձեզ դա երաշխավորում եմ, որովհետեւ այսօր ՀՀ-ում չկա մեկ մարդ, ով կարող է իրեն վեր համարել օրենքից, ով կարող է համարել, որ ինքն ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները: Եթե մեկը գլուխ կգովի, կասի, որ ինքն ավելի շատ իրավունքներ ունի, քան ուրիշները, ինքը ձեզ խաբում է դրանում: Ինչ վերաբերում է արդարարությանը, ապա սա օրենքի առջեւ բոլորի հավասարության անկյունաքարն է: Իսկ եթե մենք խոսում ենք ընդհանրապես սոցիալական, բիզնես արդարության մասին, ես կարծում եմ, որ շատ երկար չի տեւի դա»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նշեց, որ իրենք պետք է հնարավորություն ստեղծեն, որ յուրաքանչյուր քաղաքացի, իր աշխատասիրության համաձայն, գտնի իր նշաձողը:
«Մեզ համար խնդիրն աշխատանքով բարեկեցության հասնելն է, եւ ես ուզում եմ հավաստիացնել, որ ամեն օրվա եւ ժամվա հետ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի արդար պետություն է, քան մեկ ժամ առաջ»,- ասաց վարչապետը:





























