Հանրապետությունում երեկվանից սկսել է թոշակների բաժանումը։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 3-ի կառավարության նիստում հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը։ Մեկ օրվա ընթացքում բաժանվել է 1 մլրդ դրամ թոշակ, ինչը թոշակների ընդհանուր ծավալի 25 տոկոսն է։
Սակայն խնդիրներ են ծագում այն ժամանակ, երբ փորձում են թոշակ ստանալ դրա իրավունքը չունեցող մարդիկ՝ թոշակառուների բարեկամները եւ հարազատները։ Ըստ Ա. Գրիգորյանի՝ նախարարությունը կարգ է սահմանել, ըստ որի թոշակառուի փոխարեն կարելի է թոշակը ստանալ լիազորագրով՝ սոցապ նախարարության տարածքային կազմակերպությունում հաշվառվելով։
Ինչ վերաբերում է կենսաթոշակային ծառայության ազատված աշխատակիցներին, ապա նախարարն ասաց, որ նրանց մի մասն արդեն աշխատանքի է ընդունվել։ «Հայփոստում» աշխատանքի է ընդունվել 31 մարդ, եւս 121-ը՝ այլ վճարային կազմակերպություններում։
Վարչապետը նախարարի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հունվարին եւ դեկտեմբերին բազմաթիվ անձինք չեն ստացել թոշակներ, ինչը բացատրությունների կարիք է զգում։ Հիշեցնենք, որ 4000 թոշակառուներ չեն ստացել հունվարի եւ դեկտեմբերի թոշակները՝ մոտ 1 մլրդ դրամ։ Այդ հանգամանքը նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանին առիթ էր տվել ասելու, որ հնարավոր են չարաշահումներ եւ ցուցակների կեղծումներ։ Ա. Գրիգորյանի պարզաբանմամբ՝ սկսել են ուսումնասիրություններ կատարել պատճառները պարզելու համար։




























