Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուին: Վերջինս Հայաստանում է պաշտոնական այցով՝ Սերժ Սարգսյանի հրավերով:

Նախագահաի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով բարձրաստիճան հյուրին`նախագահ Սարգսյանն ասել է, թե աշխարհում քչերը կան, ովքեր հիացած չեն սինգապուրյան հրաշքով: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Լի Կուան Յուի այցը նոր շունչ կհաղորդի Հայաստան-Սինգապուր պատմական հարաբերություններին, եւ նշել, որ երկու երկրների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանն ուղղված գործունեության համար հրամանագիր է ստորագրել նրան Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին:

Շնորհակալությամբ ընդունելով պարգեւը` Սինգապուրի ավագ նախարարն ասել է, որ ուրախ է Հայաստան այցելելու հնարավորության համար: Նրա խոսքով` Սինգապուրում հայերի թիվը թեեւ փոքր է, բայց նրանք վճռորոշ դերակատարում են ունեցել երկրի զարգացման գործում, իսկ քաղաքի ամենահայտնի վայրերից մեկում գործում է հայկական եկեղեցի:

Հանրապետության նախագահը հետաքրքրվել է նաեւ քաղաքացիական ծառայության համակարգի կայացման սինգապուրյան փորձով` նշելով, որ Հայաստանը մտադիր է լայնածավալ բարեփոխումներ իրականացնել այդ ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խումբ գործուղել Սինգապուր` փորձին տեղում ծանոթանալու եւ վերապատրաստվելու նպատակով:

Ի դեպ, Սինգապուրի ավագ նախարարը եղել է Սինգապուրի առաջին վարչապետը եւ 31 տարի ղեկավարել է երկրի գործադիր իշխանությունը: Լի Կուան Յուն հայտնի է որպես տնտեսական բարեփոխումների սինգապուրյան մոդելի հիմնադիր: