Մենք իրականացնելու ենք մինչեւ օրս եղած լավագույն ընտրությունները եւ որ ոստիկանության աշխատանքը գերազանց լինի առանց որեւէ թերության: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:
«Դրա համար ակնկալում եմ հասարակական խորհրդի ակտիվ վերահսկողությունը ոստիկանության գործունեության նկատմամբ: Երեւանի հարյուրավոր տեղամասերում ունենք ոստիկանության ծառայողներ եւ հասարակական խորհրդի անդամների անկողմնակալ կարծիքը որեւէ միջադեպի վերաբերյալ շատ կարեւոր է: Ընդ որում, ոչ միայն ոստիկանների անգործության կամ հակաիրավական գործողությունների, այլ նաեւ ոստիկանի նկատմամբ անհարգալից կամ անօրինական քայլերի առումով, որոնք եւս չեն բացառվում»,-հայտարարեց Օսիպյանը:





























