«Ընդհանրապես մարտի 1-ը դա ամբողջ հայ ժողովրդի ողբերգությունն է եւ անկախ նրանից, թե ով է դրան մասնակցել, խաղաղ ժողովրդի վրա կրակել եւ 10 մարդ զոհ լինի, ոչ մի հանձնաժողով չի կարող արդարացնող որեւէ բան գտնել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով «Մարտի 1-ի» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը, նման կարծիք հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը:

Հիշեցնենք, որ այդ զեկույցում նշվել է, որ ոստիկանների գործողությունները, որոնք հանգեցրել են 10 զոհերի, իրավաչափ են եղել: Այս առնչությամբ, Ռ. Թովմասյանն ասաց, որ բոլոր դեպքերում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա եւ ոստիկանների գործողությունները չէին կարող իրավաչափ լինել: «Ուրիշ ոչ մեկի վրա չի ընկնում, այն պարզ պատճառով, որ նրանք իշխանություն են»,- ընդգծեց նա:

Իսկ որ զեկույցում նշվել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է մարտի 1-ի հիմնական մեղավորը, որ անհանդուրժողականություն է սերմանել հասարակության մեջ, ՀԿԿ առաջնորդը չհամաձայնեց այդ տեսակետի հետ՝ միաժամանակ կարծիք հայտնելով. «Լեւոն Տեր-Պետրոսյանը լուրջ պատասխանատվություն էր վերցրել իր վրա եւ վերջին պահին նրանք պարտավոր էին մինչեւ վերջ հասցնել ժողովրդին իր հանգրվանին: Թույլ չտալ, որ այդպիսի զարգացումներ լինեն: Լ. Տեր-Պետրոսյանը պետք է կանգներ իր ժողովրդի կողքին եւ ապահովեր հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը»: Այդուհանդերձ, ըստ Թովմասյանի, հիմնական մեղավորը իշխանությունն է, որը կրակել է սեփական անզեն ժողովրդի վրա: