ԱՄՆ Օրեգոն նահանգի հանրային պաշտպաններն իրավական քայլերի են դիմել` պահանջելով ապահովել բանտում կալանքի տակ գտնվող գաղթականների կրոնական, լեզվական և մշակութային ավանդույթներին հետևելու անհրաժեշտ պայմանները: Այս մասին ասվում է oregonlive.com կայքում:
Նրանք դատավորին դիմել են՝ կառավարությունից կրոնական պարագաներ, կրոնական գրքեր, ինչպես նաև կրոնին հատուկ սննդակարգ պահանջելու հայցով: Խնդիրը սկզբում սիկհ կալանավորներին էր վերաբերում, որոնք ամիսներ շարունակ չէին կարողանում իրականացնել իրենց կրոնական ծիսակարգերը: Սակայն պարզվել է, որ մայիսին Թրամփի վարչակարգի անհանդուրժողական քաղաքականության հետևանքով ձերբակալված 124 գաղթական կալանավորների թվում կային նաև միգրանտներ Հայաստանից, Նեպալից, Բրազիլիայից, Մեքսիկայից և Կենտրոնական Ամերիկայի այլ երկրներից:
Օգոստոսի 3-ին Սալեմի տաճարի հոգևորականները հանդիպել են սիկհ կալանավորներին, որոնց հանձնել են անհրաժեշտ կրոնական պարագաներ: Բանտի կրոնական ծառայությունների գրադարանը նաև հավելյալ գրքեր է բերել, որոնց թվում կար նաև իսպաներենով և հայերենով Աստվածաշունչ:


























