Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական հայցն է քննվում անկախ լրատվամիջոցի դեմ: Ընդ որում, դատարանը վարույթ է ընդունել մի հայց, որն ապշեցնում է իր անգրագիտությամբ եւ օրենքի խախտումներով:
Այսօր փետրվարի 4-ին կայացել է «NEWS.am» լրատվական գործակալության դեմ ներկայացված դատական հայցով նախնական նիստը: Սակայն այն շատ արագ ավարտվեց, քանի որ դատավոր Էդիկ Ավետիսյանը ստիպված էր ժամանակ տրամադրել հայցվորի՝ Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանին՝ շտկելու հայցի ակնհայտ անգրագիտությունը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2010թ. նոյեմբերի 23-ին NEWS.am-ը հոդված էր հրապարակել Հայաստանի քաղաքացի Հովհաննես Կաթրջյանի մասին: Վերջինս իր խոսքում մեղադրել էր բժշկական կենտրոնին իրեն խաբելու եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրոկարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք տեղադրելու մեջ: Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնն էլ որոշել էր, թե NEWS.am-ը լուրջ հարված է հասցրել իր պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին եւ հայց է ներկայացրել դատարան՝ լրատվամիջոցից 2 միլիոն դրամ պահանջելով: Հայցը ներկայացվել է իրավաբանական անձ չհանդիսացող կայքի, այլ ոչ թե հիմնադիր «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի դեմ, մինչդեռ իրավաբանական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողն անգամ գիտե, որ նման բացթողումը, մեղմ ասած, հարիր չէ իրեն հարգող իրավաբանին:
Այսօր կայացած նիստում «Մեդիա Կոնսալտի» ներկայացուցիչներ, «Արես» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արամազդ Կիվիրյանն ու Դիանա Գրիգորյանը նշեցին, որ հայցում կոպիտ սխալ է արվել եւ նշված չէ պատշաճ պատասխանողի անունը, հետեւաբար դատավորն այս տեսքով չի կարող քննել գործը: Դիտարկումն, ի դեպ, անսպասելի էր Մուրադ Ասրյանի համար եւ վերջինս ողջամիտ որեւէ բացատրություն չկարողացավ գտնել: Դատավոր Էդիկ Ավետիսյանը մի կերպ «հուշեց-բացատրեց» փաստաբանին, որ նա միջնորդություն ներկայացնի եւ դատարանից ժամանակ խնդրի՝ հայցում պատշաճ պատասխանողի անունը նշելու համար:
«Հայցում փաստացի ներգրավված չէ պատասխանող, որովհետեւ պատասխանող կարող է լինել միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, մինչդեռ հայցը ներկայացված է կայքէջի դեմ: Հայցի բովանդակությունը վերաբերում է նրան, որ NEWS.am գործակալությունը իբր խախտել է օրենքը եւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին վնասող հրապարակում է հրապարակել:: Հայցադիմումն ակնհայտ անհիմն է եւ դատավարական առումով, որովհետեւ գոյություն ունեն բազմաթիվ դատական ակտեր, նաեւ Եվրադատարանի, եւ ըստ դրանց՝ լրատվական գործակալություններն անկախ են, տարածում են ցանկացած այն նորությունները, որոնք հետաքրքրում են հասարակությանը: Տվյալ դեպքում հրապարակման մեջ տեղ է գտել մի նորություն, որը իրենից ամբողջությամբ ներկայացնում է քաղաքացու դիրքորոշումը, նրա մտքերը: Որեւէ վերլուծական գործողություն չի կատարվել, զուտ անձի հայտարարությունն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Մեդիա Կոնսալտի» ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը եւ հավելեց. «Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հրապարակման համար, քանի որ տարածել է անձի կատարած հայտարարությունը, իսկ դա չի կարող որակվել պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի դեմ կատարված ոտնձգություն»:
Դիտարկմանը, թե ինչպես է այդ դեպքում դատավորը գործը վարույթ ընդունել, փաստաբանը պատասխանեց. «Գոյություն ունեն դատավարական սխալներ, որոնք թույլ է տվել հայցվոր կողմը: Մենք դրանք կհրապարակենք դատավարության ընթացքում, որպեսզի չբացահայտենք մարտավարական գաղտնիքները: Հայցում նախ չի նշվել պատշաճ պատասխանողը, ներկայացվել է պահանջ 2 միլիոն դրամի չափով, բայց պետական տուրք է ներկայացվել 4 հազար դրամի չափով, այնինչ պետք է ներկայացվեր պետտուրք առնվազն 48 հազար դրամի չափով: Եւ նման պայմաններում դատարանը որոշում է կայացրել վարույթ ընդունել այս գործը, ինչը իրավական առումով մեծ սխալ է: Այսօրվա նիստը հետաձգվեց՝ հաշվի առնելով, որ ներգրավվել է ոչ պատշաճ պատասխանող՝ քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ չհանդիսացող, իսկ օրենքը հստակ սահմանում է, որ պատասխանողներ կարող են լինել ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»:
Հ.Գ. Ի դեպ, նշենք, որ Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի տարածքում: Իսկ թե ում է պատկանում այդ հիվանդանոցը, Հայաստանում գիտեն բոլորը:


Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























