Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի թանկացումը պայմանավորված է այս տարվա շարունակական շոգով եւ ամռան երաշտային եղանակով, որը վնաս է հասցրել ցանքատարածքներին, ինչի հետեւանքով որոշ տեսակի բանջարեղենը չէր հասցնում հասնել եւ փչանում էր: Օգոստոսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:
«Օրինակ՝ լոլիկը երբեք այսքան թանկ չի արժեցել, սովորաբար ամռան սկզբին լոլիկի կիլոգրամն արժե 400-450 դրամ, որից հետո էժանանում է մինչեւ 50-100 դրամ, այս տարի մեկ կիլոգրամի նախնական գինը պահպանվել է մինչեւ ամռան կես, իսկ այնուհետեւ հաստատվել է 200-700 դրամի սահմաններում»,- ասաց փորձագետը:
Ըստ որում՝ նա բացառեց գյուղատնտեսական արտադրանքի թանկացման արհեստական բնույթը, քանի որ այս շուկան մենաշնորհված չէ եւ այստեղ գործում են մեծ թվով գյուղատնտեսական սուբյեկտներ:
«Նույն բանն է տեղի ունեցել նաեւ ձմերուկի դեպքում, մեկ կիլոգրամի գինը հասել է մինչեւ 250 դրամի, իսկ հետո նվազել է մինչեւ 80-100 դրամ: Հիմա հարց է առաջացնում միայն վաճառվող ձմերուկի որակը»,- նշեց ՀԿ ղեկավարը:
Ըստ որում՝ նա հայտարարեց, որ նաեւ անիմաստ է նոր կառավարությանը մեղադրել Սեւանա լճից լրացուցիչ ջրառի ուշացած որոշման պատճառով ոռոգման ջրի անբավարարության համար: «Իրավիճակի վրա չազդեց նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը մայրաքաղաքային շուկաներ. վերավաճառողները, ինչպես նախկինում, ագրոարտադրանք են վաճառում բարձր գներով»,- նշեց Չիլինգարյանը:
Հայաստանի վարչապետն օրերս շրջայց էր կատարել մայրաքաղաքային գյուղատնտեսական շուկաներում, որից հետո հայտարարել էր, որ այս սեզոնի համար ագրոարտադրանքի գները բարձր են:




























