ՀՖՖ նախագահ, հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի եւ «Ժամանակ» օրաթերթի միջեւ սկսված հեռակա վեճին է անդրադարձել «Ժամանակի» խմբագիր Արման Բաբաջանյանը՝ ռուսական հեղինակավոր Советский Спорт-ին տված հարցազրույցում: Հիշեցնենք, որ թերթը «Հայ-ռուսական ֆուտբոլային գործա՞րք» վերնագրով նյութ էր գրել Ռուսաստան-Հայաստան ֆուտբոլային ընկերական հանդիպման մասին, իսկ Ռ. Հայրապետյանն էլ ասուլիսում արձագանքել է, որ խաղը «ծախելու» պայմանավորվածություն չկա:
Советский Спорт-ին տված հարցազրույցում Ա. Բաբաջանյանը նշել է. «Մենք տեղեկություն ստացանք, որ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը կարող է պայմանավորված լինել: Եվ որոշեցինք, որ, լուրը հրապարակելով, կարող ենք խանգարել, որպեսզի պլանավորվածն իրագործվի: Նույնիսկ չնայած նրան, որ գործարքը, հնարավոր է, արդեն իրագործվել է»:
Հարցին, թե հասա՞ք ձեր նպատակին, նա պատասխանել է. «Կապրենք` կիմանանք. ուզում եմ հավատալ, որ հանդիպումը արդար կլինի»:
«Մենք չենք գրել, որ խոսքը հենց գումարային փոխհատուցման մասին է: Մեր տվյալների համաձայն, բանակցությունները տարվել են Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական սուբսիդիաների շուրջ: Ձեւակերպումը հետեւյալն էր՝ «շահավետ տնտեսական գործարք»: Կոնկրետ գումարի մասին տվյալների մենք չենք տիրապետում»,- ասել է Բաբաջանյանը:
Ինչ վերաբերում է հրապարակումից հետո ճնշումներին, նա նշել է. «Ճնշո՞ւմ: Դե, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը սպառնացել է, որ անձամբ կպատժի նրան, ով այսուհետ երբեւէ կգրի իր կամ հավաքականի մասին: Մենք դրան հանգիստ ենք վերաբերվում: Ցավոք, դա մեզանում նորմալ պրակտիկա է: Օրինակ՝ ես նախկին քաղբանտարկյալ եմ եւ 2006-2009 թթ. (3,5 տարի) կալանավայրում եմ անցկացրել իմ ընդդիմադիր հայացքների համար: Իսկ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը վերջերս մեր թերթին դատի է տվել նրա ընտանիքի որոշ անդամների տնտեսական գործունեության մասին նյութի հրապարակումից հետո: Այդուհանդերձ, դատական պրոցեսը դեռ չի սկսվել»:




























