Որպես կուտակային համակարգի մասնակից` անձը կարող է ցանկացած ժամանակ տեղեկանալ` որքան գումար է կուտակվել իր հաշվին եւ որքան եկամուտ ունի այդ միջոցների կառավարումից:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Համակարգի յուրաքանչյուր մասնակցի համար Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում բացվում է անհատական կենսաթոշակային հաշիվ, որը տալիս է ամենակարեւոր հարցերի պատասխանները`

որքան սոցիալական վճար է կատարել անձը իր եկամտից,

որքան է պետությունը հատկացրել նրա օգտին պետական բյուջեից,

որքան է կազմել կենսաթոշակային ֆոնդի եկամտաբերությունը, եւ արդյունքում որքանով են ավելացել կենսաթոշակային խնայողությունները,

ընդամենը որքան գումար կա տվյալ պահին կենսաթոշակային հաշվին,

որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը եւ կառավարիչը,

այլ տեղեկություններ:

Կենսաթոշակային հաշիվը հնարավոր է ստուգել առցանց` ցանկացած ժամանակ, Ձեզ հարմար վայրից` մուտք գործելով www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ: Դրա համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ եւ քարտը կարդացող սարք:   

Եթե չունեք նույնականացման քարտ եւ քարտը կարդացող սարք, ապա կենսաթոշակային հաշվի մասին տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով հաշվի օպերատորներին` ներկայացնելով անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ): Այս պահին հաշվի օպերատորներն են Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը:

Կուտակած գումարի մասին տեղեկություններ հնարավոր է  ստանալ նաեւ բանկոմատների միջոցով: Օգտագործելով Ձեր բանկային քարտը` «Լրացուցիչ ծառայություններ» բաժնից ընտրեք «Կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը, եւ բանկոմատը Ձեզ կտրամադրի ամփոփ քաղվածք, որտեղ կտեսնեք, թե տվյալ պահին որքան գումար ունեք անհատական կենսաթոշակային հաշվին, որն է ընտրված կենսաթոշակային ֆոնդը, ինչպես նաեւ` հաշվով կատարված վերջին տասը գործարքները:

Կենսաթոշակային հաշվին հետեւելու եղանակների, ինչպես նաեւ հաշիվներում արտացոլված տվյալների վերաբերյալ հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել 011 50 18 09 կամ նամակ ուղղել հետեւյալ էջի միջոցով:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ. Բոլոր «կողմերն ու դեմերը»