Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերից առաջ Լեւոն Արոնյանը Ծաղկաձորում սկսել է իր մարզումները։ Այս մասին նշված է Հայաստանի Շախմատի ազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում։

Մարզումների ընթացքում հայ գրոսմայստերին կօգնեն Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Աշոտ Նադանյանը, չինացի գրոսմայստեր Վան Հաոն: Ավելի ուշ մարզումներին կմիանա Սերգեյ Մովսիսյանը:

Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ ավելի վաղ ունեցած զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը
Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի ամենահավանական թեկնածուներ էր համարել Լեւոն Արոնյանին, Վիշվանաթան Անանդին եւ Վլադիմիր Կրամնիկին։

Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ն պաշտոնապես հայտարարել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ժամկետը: Այն կանցկացվի 2011թ. մայիսի 3-27-ին` Կազանում:

Միջազգային ֆեդերացիան նաեւ հրապարակել է ութ հավակնորդների անունները. Վեսելին Տոպալով, Մագնուս Կարլսեն, Վլադիմիր Կրամնիկ, Լեւոն Արոնյան, Բորիս Գելֆանդ, Շաքրիյար Մամեդյարով, Թեյմուր Ռաջաբով եւ Գատա Կամսկի: Այս շախմատիստները, այդ թվում մրցաշարից հրաժարված Մագնուս Կարլսենը մինչեւ դեկտեմբերի 22-ը պետք է կա´մ ստորագրեն, կա´մ հրաժարվեն մասնակցության պայմանագրից:Հրաժարվողների առկայության դեպքում ըստ հերթականության նրանց կփոխարինեն Ալեքսանդր Գրիշչուկը, Դմիտրի Յակովենկոն եւ Վան Յուն: