5 տարի Արաբական Էմիրություններ մենք ողջ կենդանիներ չէինք արտահանում, այս տարի սեպտեմբերի 1–ին՝ վաղը, առաջին խմբաքանակը՝ 1300 գլուխ մանր եղջերավոր կենդանի կլքի Հայաստանը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 31–ին, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում։

Գյուղմթերքի հիմնական արտահանման շուկան Ռուսաստանի Դաշնությունն է։ Նախարարը թվարկեց նաեւ այլ երկրներ. «ԵՄ երկրներ, Պարսից Ծոց, նաեւ ավելի էկզոտիկ երկրներ ունենք՝ Հոնգ Կոնգ»։

Գյուղատնտեսության նախարարության առաջնահերթություններից է արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան։ Արթուր Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մասը գնում է մեկ շուկա՝ ՌԴ։ «Սրանով մենք խոցելի ենք դառնում, հենց թեկուզ արտարժույթի տատանումներից։ Եթե մի քանի օր առաջ դրամ–ռուբլի հարաբերությունը 7,7 էր, հիմա 7,17 է դարձել։ Այսինքն եթե արտադրանքը՝ դեղձը վաճառվում էր 100 ռուբլով եւ ստացվում 770 դրամ, որը բաշխվում էր արտադրողի, արտահանողի եւ վաճառողի միջեւ, ապա հիմա՝ 717 դրամ է։ Եթե մենք կարողանանք դիվերսիֆիկացնել մեր շուկաները, ռիսկը կարող ենք մեղմել»,–ասաց նախարարը։