«Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի օրենքի 19-րդ հոդվածում նշված է, որ միջազգային պայմանագրերը գտնվում են բանակցությունների փուլում մինչեւ դրանց վերջնական ստորագրումը: Այսինքն, ցանկության դեպքում հայ-թուրքական արձանագրություններում կարելի է փոփոխություններ կատարել",- Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ դրանով հերքելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների այն պնդումը, թե արձանագրություններում մինչեւ ստորագրումը հնարավոր չէ փոփոխություններ մտցնել:
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ինքը չի բացառել փաստաթղթերում փոփոխություններ անելու հնարավորությունը: Դա հաշվի առնելով՝ ՀՅԴ-ն մինչեւ վերջ պայքարելու է փաստաթղթերում փոփոխություններ կատարելու համար, իսկ եթե չհասնի դրան, կանի ամեն ինչ՝ խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը վիժեցնելու համար:
Վահան Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ ՀՅԴ-ն միանալու է «Ժառանգության»՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական ուժերի համատեղ հայտարարություն անելու նախաձեռնությանը: «Ես իհարկե, հույս չունեմ, թե բացի ՀՅԴ-ից ու „Ժառանգությունից“ այդ հայտարարությանը կմիանա որեւէ այլ խորհրդարանական խմբակցությունը, բայց դրան կարելի է ներգրավլ արտապխորհրդարանական կուսակցություններին»,- նշել է Հովհաննիսյանը:




























