Կիլոգրամով մաքսազերծումը անարդար մոտեցում էր եւ նաեւ վնասում էր տեղական արտադրությանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսում հայտարարեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով, այո, ՊԵԿ-ի գործընկերների հետ իրենք ակտիվ աշխատանքի մեջ են, եւ քաղաքականությունը, որ մաքսազերծումը պետք է իրականացվի տեսակով պայմանավորված, առնվազն ենթադրում է, որ անձինք, որոնք ներմուծում են իրականացնում, իրենք պետք է զբաղվեն այդ գործով:

«ՊԵԿ-ը իրականացրել է նաեւ վարչական բարեփոխումյ, որի արդյունքում ստեղծել են երկու ստորաբաժանում, որոնք աջակցելու են քաղաքացիներին այդ ձեւակերպումները տալու համար: Բայց սա նշանակում է, որ մեր քաղաքացիները պետք է աստիճանաբար սովորեն, որ չի կարող կիլոգրամով շոր մաքսազերծվի, դա պետք է ժամանակի ընթացքում վերանա: Հակառակ դեպքում եթե Թուրքիայից կգ-ով ներմուծված տրիկոտաժը չնչին արժեք լինի, այն դեպքում երբ Հայաստանի ներսում համանման ապրանքը արտադրելը դառնում է ավելի մեծ արժեք ունեցող, դա անհավասար պայմաններ է ստեղծում:

Մենք չպետք է այդ մոտեցումով շարժվենք: Եթե անգամ մեծությունը չփոխվի, ընտրված մեթոդը ճիշտ չէ»,-ասաց նախարարը: