Այս տարվա հուլիսի 1-ից Հայաստանում հանրային սննդի օբյեկտները պետք է 6 տոկոս շրջանառության հարկ վճարեն: Հարկերի բարձրացրումը փուլ առ փուլ է կատարվելու եւ մեկուկես տարվա ընթացքում կկազմի շրջանառության մինչեւ 10 տոկոսը:
Հարկերը բարձրացնելուց հետո որոշ ռեստորաններ բարձրացրել են նաեւ իրենց գները, սակայն, փորձագետները համոզված են, որ դա չի լուծի բոլոր խնդիրները, այլ հակառակը` կհարվածի Հայաստանի զբոսաշրջային գրավչությանը: Մասնագետները նշում են. հանրային սննդի ոլորտը գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի խոշոր ուղղություն է: Բացի այդ, ռեստորանները եւ սրճարանները «աշխատանքի հզոր բորսա» են, որն աշխատանքի ընդունման համար մեծ հնարավորություններ է տալիս:
NEWS.am-ի հարցազրույցը Հյուսիսային Կովկասի Ռեստորանների եւ հյուրանոցների սեփականատերերի ասոցիացիայի նախագահ Աննա Ելովիկովայի հետ:
Հայկական ռեստորանները հարկերի բարձրացման պատճառով արդեն հայտարարում են գների աստիճանական աճի մասին: Արդյոք սա բացասական դեր կունենա՞ ռեստորանային բիզնեսի զարգացման մեջ
Գների բարձրացումից հետո միշտ որոշակի «խաղաղություն» է սկսվում: Այս դեպքում կգոյատեւեն հենց խոշոր ձեռնարկությունները, որոնք կարող են իրենց թույլ տալ աշխատել ոչ թե մարժայով, այլ շրջանառությամբ եւ նրանք, ովքեր ֆինանսական «բարձ» ունեն, որպեսզի դժվար ժամանակները վերապրեն: Իսկ փոքր ընտանեկան սրճարանները, որոնք առանձնանում են իրենց ջերմությամբ եւ անկրկնելի կոլորիտով եւ որոնք այդքան ճանաչում են ձեռք բերում զբոսաշրջիկների շրջանում, դժվար թե կարողանան հաղթահարել այդ բեռը:
Իմ կարծիքով, չի կարելի բոլորին հավասարեցնել՝ նույն հարկային պայմանները կիրառելով: Ավելի տրամաբամանական եւ անվնաս կլինի հնարավորություն տալ ձեռնարկատիրոջը ընտրել իր բիզնեսի հարկի ձեւավորման առումով: Հարմարավետ պայմանները թույլ կտան նրան ոչ միայն զարգացնել իր բիզնեսը, այլեւ բնակչությանը աշխատատեղերով ապահովել:
Հայաստանը, ինչպես ոչ մի այլ երկիր, մեծ ներուժ ունի հենց գաստրոզբոսաշրջության զարգացման մեջ: Դրա համար հիմք կա: Պետք է գրագետ ռազմավարություն եւ մարտավարություն մշակել:
Դրա համար հարկավոր է ոլորտը ապահովել զարգացման հարմարավետ պայմաններով, արտերկրում կադրերի ուսման հնարավորությամբ, փոքր եւ միջին բիզնեսի պետական աջակցության ծրագրերով, հարկային մեղմացումներով եւ արձակուրդներով: Ի վերջո, եթե երկիրը ցանկանում է մրցել աշխարհի զբոսաշրջային մայրաքաղաքների հետ, ապա պետք է հիշել, որ սնունդն է հաղորդակցման միջազգային լեզուն:
Արդյոք հարկերի բարձրացումը ռեստորաններին չի ստիպի՞ հարկային ստվերում աշխատել
Այս հարցին միանշանակ չի կարելի պատասխանել: Ռուսաստանում հարկային բեռը կախված է բիզնեսի չափից: Մեզ մոտ տարբերակում չի կատարվում «ռեստորանների համար հարկեր» եւ «բոլորի համար հարկեր» սկզբունքով: Ռեստորանը նույնպիսի բիզնես է, ինչպես եւ մնացածը: Եվ ռեստորանները վճարում են նույն հարկերը:
Բայց: Կա հարկային մեղմացումների հասկացություն, տարատեսակ ծրագրեր փոքր եւ միջին բիզնեսի համար, եւ ամենակարեւորը կա սեփական ձեռնարկության հարկման որոշման հարցում ընտրություն: Իսկ եթե աշխատելու ցանկություն կա, ապա միշտ կարելի է օրինական տարբերակ գնտել:
Բայց մեր համակարգը ձեւավորվել է արդեն երկար ժամանակի ընթացքում եւ մարդիկ հարմարվում են պայմաններին՝ հարկման համար ընտրելով իրենց համար հարմար համակարգը: Դա էլ հենց բոլորի համար առավել հարմար տարբերակն է:
Ի՞նչ դժվարություններ կարող են ունենալ մարզային ռեստորանները հարկային բեռի ավելացման դեպքում: Արդյոք նրանք հարկային արտոնությունների կարիք ունեն
Իհարկե, մարզերը հարկային արտոնությունների սուր կարիք ունեն: Ռուսաստանի օրինակով կարող եմ ասել, որ յուրաքանչյուր դաշնային սուբյեկտ իրավունք ունի որոշել հարկի դրույքաչափը`ելնելով շրջանի եւ նրա բնակչության հնարավորություններից:
Օրինակ, Հայաստանի սահմանամերձ գյուղերում, սոցիալական ծանր իրավիճակ է: Մարդիկ պատրաստ են աշխատել, զարգացնել գյուղատնտեսական արտադրանքը, ստեղծել գաստրոզբոսաշրջային ապրանքանիշ, ինչպես Բերքաբեր գյուղը: Սակայն դրա համար ներդրումներ են անհրաժեշտ, որոնք խոշոր քաղաքներում եւ փոքր գյուղերում հարկման հավասարեցման դեպքում կսպանեն մարզերում ներդրումներ կատարելու համար ամբողջ նախաձեռնությունը:
Ի՞նչ դեր ունեն ռեստորանները զբոսաշրջության եւ գյուղատնտեսության զարգացման մեջ
Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա հանրապետությունը զբոսաշրջային տեսանկյունից գրավիչ տարածաշրջան դառնալու բոլոր հնարավորություններն ունի: Զբոսաշրությունը կարող է դառնալ տնտեսական զարգացման գերակա ուղղություններից մեկը:
Իսկ զբոսաշրջությունն առաջ հերթին HoReCa բարձր չափանիշներն են եւ դրանց հնարավոր է հասնել, այդ թվում այս ոլորտի նկատմամբ հարկային մարմինների լոյալ վերաբերմունքով: Գոնե կայացման եւ կայունացման փուլում:
Զբոասաշրջային հոսքի աճը հանգեցնում է սրճարանների եւ ռեստորանների շրջանառության աճին, ինչի արդյունքում էլ գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճին, նոր ուղղությունների զարգացմանը եւ աշխատատեղերի ավելացմանը:
Ինչպե՞ս եք գնահատում ազգային խոհանոցը զբոսաշրջային ապրանքանիշի տեսանկյունից
Ճանապարհորդելով աշխարհով մենք գիտենք, որ յուրաքանչյուր երկրի խոհանոց ունի իր ազգային առանձնահատկությունները, իր «հատուկ» մթերքները, որոնք հաճախ արտադրվում են միայն մեկ տարածաշրջանում եւ հանդիսանում են նրա այցեքարտը:
Հետեւաբար, ազգային խոհանոցը մեծ դեր է խաղում երկրի դիմանկարի՝ որպես զբոսաշրջային ապրանքանիշի ձեւավորման գործում: Հենց ազգային խոհանոցը, որակյալ արտադրանքը եւ մաքուր ջուրն են որոշիչ գործոն զբոսաշրջիկների կողմից ճանապարհորդության համար երկրի ընտրության հարցում, հատկապես, երբ դա ընտանեկան ուղեւորություն է: Հայկական խոհանոցը արժանի է ճանաչելի լինել:
Որքանո՞վ է կարեւոր գաստրոզբոսաշրջության զարգացումը հենց մարզերում, որտեղ յուրաքանյուրն ունի ազգային խոհանոցի իր ավանդույթները
Դա ոչ թե կարեւոր է, այլ դրանից կարելի է «օգտվել»: Դա կարող է գումար բերել մարզ: Հյուսիսային Կովկասում մի քանի հանրապետություն է, այստեղ տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են ապրում եւ իհարկե, ամեն մի ազգ իր արտադրանքն ունի: Օրինակ Դաղստանում 102 ազգություն կա, որոնցից 30-ը բնիկ ազգություններ են, որոնք ունեն լեզվական խմբերը, մշակույթը եւ խոհանոցը:
Աշխարհի ցանկացած տարածաշրջանում կան հատուկ ուտեստներ եւ մթերքներ: Իհարկե, զբոսաշրջիկների մեծ մասը ճանապարհորդում է գաստրոնոմիկ տպավորությունների համար: Եվ գաստրոզբոսաշրությունը «խումբ հավաքելու» ամենահեշտ ձեւն է:
Կարեւոր է, թե ինչ կարող է այդ զբոսաշրջիկներին առաջարկել այն երկիրը, ուր նրանք գնում են: Մենք գնում ենք Իտալիա պարմեզանի եւ մակարոնի համար, Ֆրանսիա՝ ոստրեների եւ աղանդերի համար, Վրաստան`խինկալու եւ խաչապուրու, Դաղստան՝ չուդուի, Օսիա`բրինզայի եւ կարկանդակների համար:
Հայաստան կարելի է մեկնել ոչ միայն համեղ սնվելու համար, քանի որ բոլոր մթերքները թարմ են, իսկ ջուրը՝ մաքուր: Այլ որովհետեւ, օրինակ գյուղերից մեկում կարելի է փորձել ամենահամեղ լավաշը, իսկ մյուսում՝ հատուկ տեխնոլոգիայով պատրաստված չրերը… Կամ քաղաքային ռեստորան այցելել, որտեղ հին բաղադրատոմսով «Ուդոլի» տոլմա են պատրաստում, բացահայտել ավանդական ազգային ուտեստները՝ ժամանակակից մատուցմամբ... հենց այս է ուղեւորություններին հատուկ կոլորիտ հաղորդում...
Ինչպե՞ս է Ռուսաստանում կատարվում հանրային սննդի ձեռնարկությունների հարկումը
Ռուսաստանում ձեռնարկությունների հարկման մի քանի տարբերակներ կան: Մի կողմից, բիզնեսը կարող է փոխանցել եւ հարկեր վճարել բյուջե «ընդհանուր» սխեմայով, ինչը մեծապես բարդացնում է հաշվապահական հաշվառքը եւ մեծացնում է սխալների եւ համապատասխանաբար խախտումների ռիսկերը: Մյուս կողմից, կան հարկման հատուկ համակարգեր, որոնք զգալիորեն նվազեցնում են հարկային հաշվետվությունների քանակը:
Հատուկ ռեժիմները կարելի է կիրառել հատուկ սահմանափակումներով, օրինակ ըստ գործունեության ոլորտի կամ հաստատության առավելագույն եկամտի: Հարկային բեռի հաշվարկը հատուկ ռեժիմներով կարող է կատարվել սկսած հաստատության մակերեսից մինչեւ հաստատության եկամուտ կամ շահույթ:
Տարին մեկ անգամ ցանկացած բիզնես կարող է փոխել հատուկ ռեժիմը իր համար ավելի «շահավետ» տարբերակով: Պետության այս մոտեցումը թույլ է տալիս փոքր եւ միջին բիզնեսին ընտրել հարկերի վճարման ամենահարմար ռեժիմը՝ օրինական ճանապարհով «օպտիմալացնելով» հարկային բեռը:
Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը ավելի մանրամասն կքննարկի այս հարցը: Կլսի ռեստորանների սեփականատերերին, խորամուխ կլինի խնդիրներին եւ ճիշտ որոշում կկայացնի, որտեղ հաշվի կառնվեն ինչպես գործարարների, այնպես էլ պետության շահերը, քանի որ այս կամ այն ճյուղի զարգացումը անմիջականորեն կախված է բոլորի համատեղ գործողություններից:




























