Տեղեկատվական տեխնոլոգիաների ինովացիոն, սկսնակ ստատափ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է «Մուլտի գրուպ» վենչուրային ընկերությունը՝ մեկ մլն դոլար նախնական կապիտալով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում նշեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նրա խոսքով, այդ վենչուրային ֆոնդում հիմա գումար չկա. «Մենք նախատեսում ենք, որ 20-30 մլն դոլարի ներդրում, որն ուղղված պետք է լինի սկսնակ ընկերությունների օժանդակությանը, ծրագրերի ֆինանսավորմանը: Եկամուտներն ուղղվելու են գիտական պոտենցիալի զարգացմանը»,-ասաց նախարարը:

Նա ընդգծեց նաեւ, որ Հայաստանում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել տվյալների պահոց. «Այդ նպատակով արդեն հայտարարվել է մրցույթի առաջին փուլը: Մեր կողմից լրամշակվել եւ վարչապետի աշխատակազմ է ուղարկվել ՏՏ ոլորտում սկսնակ կազմակերպություններին հարկային արտոնություններ տալու օրենքի նախագիծը: Այսուհետ այդ ոլորտի ընկերությունները կարող են իրենց ծրագրերն ու հավելվածները տեղադրել Google Play կայքում»,-ասաց Աշոտ Հակոբյանը՝ հավելելով, որ հարկային արտոնություններ նախկինում էլ եղել են, բայց օրինակ, հիմա ներառել են էլեկտրոնային սարքավորումներ արտադրողներին: