Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն պատասխանել է հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Կառավարության գործունեությունից 100 օր անց էլ երկրում շարունակում են խնդիրները մնալ։
Քաղտեխնոլոգը այդ խնդիրների առկայությունը կապել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի հետ. «Ես միշտ կողմ եմ եղել երիտասարդ կադրերին, սակայն դա դեռ չի նշանակում, որ երիտասարդը պետք է լինի առաջին դեմք։ Նա պետք է աճի՝ այսինքն՝ փորձ ձեռք բերի։ Էլի խնդիր չէ, կարող են փորձ ձեռք բերել, բայց փորձ կարելի է ձեռք բերել չեմ ասում օգուտներով, բայց գոնե առանց վնասների եւ կարելի է փորձ ձեռք բերել վնասներով»,–նշեց նա՝ կարծիք հայտնելով, որն, այնուամենայնիվ, ամբողջ կառավարությունը չէ, որ վատն է։
Կարեն Քոչարյանը շեշտեց՝ չկա մարդ, որը պատասխանատու է տնտեսության համար եւ ում վարչապետը հանձնարարական է տալիս եւ հետո պահանջում այդ հանձնարարականի կատարումը։
«Ձմեռ է մոտենում, եւ քաղաքացին կարող է տեսնել, որ գազը թանկացել է, եւ ինքը չի կարողանում վճարել, սառչում է, ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, բայց տեսեք, թե միսն ինչքան է թանկացել։ Սա բերելու է վարկանիշի մաշելուն։ Կան մարդիկ, որոնք իրենց տեղում չեն, ուրեմն, այդ մարդկանց պետք է փոխել։ Եթե տեսնում են՝ չի կարողանում աշխատել կառավարությունում, փոխում են եւ ամբողջ աշխարհում այդպես է»,-եզրափակեց նա։





























