Պակիստանի վարչապետ Իմրան Խանը լավատեսորեն է գնահատել Իսլամաբադում իր հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
«Գիտեք, որ ես լավատես եմ», - ասել է Խանը՝ նախկին մարզիկը, որի երդմնակալությունն անցյալ ամիս տեղօ ունեցավ: «Մարզիկը միշտ լավատես է: Դաշտում հայտնվելով, նա մտածում է, որ հաղթելու է»:
Պոմպեոն հանդիպումներ է ունեցել Խանի, Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեշիի եւ հզոր գեներալ Կամար Ջավեդ Բաջայի հետ:
«Մենք խոսել ենք նոր կառավարության մասին, երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների վերսկսման հնարավորության մասին, տնտեսական, գործարար եւ առեւտրային ոլորտներում», - ասել է Պոմպեոն:
Նրա խոսքով, քննարկվել են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Աֆղանստանում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: «Հուսով եմ, որ այսօր դրված հիմքը հետագա հաջողության համար պայմաններ կստեղծի», - ասել է Պոմպեոն:





























