Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ կադրերի պակասը «մեծագույն» մարտահրավեր է Գերմանիայի տնտեսության զարգացման համար, հաղորդում է DW-ն:

Նրա խոսքով, Գերմանիայի շատ շրջաններում «արդեն կա այն, ինչ կոչվում է լիարժեք զբաղվածություն», բայց միաժամանակ երկրում ամենուրեք մասնագետների պակաս կա: «Սա կարող է դառնալ ամենալուրջ խանգարող գործոնը», - զգուշացրել է կանցլերը, պարզաբանելով, որ Գերմանիայի համար գերակա է այն հարցը, թե  որտեղից կարելի է գտնել անհրաժեշտ կադրերին:

Գերմանիայի կառավարությունը մտադիր է այս աշնանը քննարկել աշխատանքային միգրացիայի մասին օրինագիծը: Մերկելը նշել է, որ Գերմանիայում աշնանը աշխատողների թիվն առաջին անգամ կհասնի 45 միլիոնի: Գերմանական տնտեսությունն արդեն  ինը տարի անընդմեջ աճ է գրանցում: