ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայում Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուից պահանջել է տրամադրել երկու տղամարդկանց մատնահետքերը, որոնց Լոնդոնում կասկածյալներ են անվանել Սոլսբերիիում Սկրիպալների թունավորման գործով: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Դիվանագետի խոսքով, «Բրիտանիայի դեսպանը հայտարարել է, որ բրիտանական կողմը որեւէ նյութ չի տրամադրի»: «Լոնդոնը հրաժարվել է գործի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն տրամադրելուց` անձնագրերի համարները, հայրանունները, անձնական տվյալները եւ այլն», - ասել է նա: «Մենք ելնում ենք այն փաստից, որ այդ տվյալները Ինտերպոլի միջոցով փոխանցվելու են», - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի Թագավորական դատախազության ծառայությունը հայտարարել էր, որ «Սկրիպալների գործով» մեղադրանքներ են ներկայացվել Ռուսաստանի երկու քաղաքացիներին`Ալեքսանդր Պետրովին եւ Ռուսլան Բոշիրովին: Մեղադրանքները ներկայկացված են չորս հոդվածներով, այդ թվում, նախկին ԳՀՎ սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի եւ բրիտանացի ոստիկան Նիկ Բեյլիի դեմ մահափորձի համար: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել է, որ կասկածյալները ԳՀՎ աշխատակիցներ են:



























