Փաստաբան Տիգրան Աթանեսյանին չի հետաքրքրում 2017թ. ապրիլի 27-ին իր գրասենյակում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի կարճումը։ NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ շարունակելու է դատական կարգով բողոքարկել այդ օրն իր դեմ հարձակում գործած փաստաբանների՝ Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի և Գևորգ Մկրտչյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Աթանեսյանի՝ քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքը։ Աթանեսյանը նշեց, որ չի հաշտվել իր դեմ հարձակում գործած փաստաբանների հետ։
Նրա խոսքով, երբ դատարանն իր մասով որոշում կայացնի, ինքը հետամուտ է լինելու, որ նախ՝ բոլոր մեղավորները բացահայտվեն, ինչպես նաև պահանջելու է, որ հովանավորչություն ցուցաբերած անձինք բացահայտվեն և ենթարկվեն պատասխանատվության։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
2018 թվականի օգոստոսի 21-ին Արմեն Սողոմոնյանը դիմում է ներկայացրել դատարան՝ հայտնելով, որ հաշտվել է Սիմոն Բաբայանի և Արսեն Հարությունյանի հետ, չի ցանկանում, որ նրանք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Նույն օրը դիմումներ են ներկայացրել նաև Սիմոն Բաբայանը և Արսեն Հարությունյանը, հայտնելով, որ հաշտվել են Արմեն Սողոմոնյանի հետ, միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունեն և համաձայն են, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցվեն և գործի վարույթը կարճվի բողոքի բացակայության ու հաշտության հիմքով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:
Նույն օրը հաղորդումներ էին ներկայացրել երեք փաստաբաններ՝ Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանն ու Վրեժ Խաչիկյանը, որ մարմնական վնասվածքները ստացել են ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որին մասնակցել է նաև Գևորգ Մկրտչյանը: Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:





























