Ճապոնիայի Հոկայդո կղզում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարական եւ տուժած շրջաններ օգնություն հասցնելու գործողություններին մասնակցում են ինքնապաշտպանության ուժերի, ոստիկանության եւ հրշեջ պահպանության 20 հազար աշխատակիցներ: Այս մասին Տոկիոյում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նաեւ հայտնել է երկրաշարժի հետեւանքով երկու զոհի մասին:

Դրանից բացի, հայտնի է 125 տուժածների եւ 39 անհետ կորածների մասին: Կղզում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի խոշորածավալ մատակարարման դադարեցում: Առանց լույսի են մնացել 2,95 մլն տներ: Ինչպես ասել է Սուգան, վերականգնման ժամը դեռեւս հայտնի չէ էլեկտրակայաններում սարքավորումների վնասվածքի պատճառով:

Չորեքշաբթի գիշերը Հոկայդոյում տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Իբուրա շրջանում: Օջախը՝ 37 կմ խորությամբ: