Ֆրանսիան պետք է իր զենքի համակարգերում նվազեցնի ԱՄՆ-ից ներկրվող բաղադրիչներից կախվածությունը, որպեսզի նվազագույնի հասցնի զենքի արտահանումը արգելափակելու Վաշինգտոնի հնարավորությունը: Այս մասին այսօր հայտարարել է Պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին, հաղորդում է Reuters-ը:
Պարլին հայտնել է, որ Փարիզը արտահանման հեռանկարների հետ կապված առեւտրի հարցում դժվարություններ է ունեցել: Այդ դժվարությունները կապված են ռազմավարական, ինչպես նաեւ մրցակցության խնդիրների հետ:
Հաշվի առնելով այդ ֆրանսիացի նախարարը ընդգծել է Future Combat Air System (SCAF) նախագծի շրջանակներում ԱՄՆ-ից կախվածությունը նվազագույնի հասցնելու կարեւորությունը: Նախագիծն իրենից ներկայացնում է նոր սերնդի մարտական ինքնաթիռների թողարկում, որի իրականացմանը նաեւ Բեռլինն է մասնակցելու:
Պարլին իր դժգոհությունն է արտահայտել, որ Ֆրանսիական ռազմական օդուժը, իսլամական զինյալների դեմ հակաահաբեկչական գործողություններում ամերիկյան Reaper դրոնները օգտագործելու ժամանակ, անօդաչուները լիցքավորելու համար ամեն անգամ պետք է ստանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը:





























