Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզե թերթը» Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը մտադիր է հանդիպել ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հունիսի 18-ից հուլիսի 1-ը ծրագրված ուղեւորության ժամանակ, որի ընթացքում դեսպանն այցելելու է Բոստոն, Նյու Յորք, Լոս Անջելես եւ Վաշինգտոն։

Հայաստանում ԱՄՆ դեսպանը կհանդիպի պաշտոնական դեմքերի, հայ դիվանագետների, բիզնեսի ոլորտի, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումները նախատեսված են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հետագա գործակցության շրջանակում։

Այցի ընթացքում տիկին Յովանովիչը նաեւ իր դատողությունները կկիսի Հայաստանի ընթացիկ զարգացման, ԱՄՆ-Հայաստան փոխհարաբերությունների եւ մեր երկրում Միացյալ Նահանգների քաղաքականության վերաբերյալ։ Տիկին դեսպանը կտեղեկացնի նաեւ այն աջակցության մասին, որը ԱՄՆ-ը մտադիր է ցուցաբերել Հայաստանին։ Հարկ է նշել, որ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի համանման ուղեւորությունը եղավ վերջինը նրա դիվանագիտական կարիերայի ընթացքում։ Էվանսը Ամերիկայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ ուղղակիորեն ընդունել էր օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը` հայտարարելով, որ ամերիկացի քաղաքական գործիչներից շատերը գիտեն ճշմարտությունը, բայց ստիպված են լռել դրա մասին։ Այդ անկեղծության դիմաց դիվանագետը հատուցեց կարիերայով, բայց աշխարհի ողջ հայության համար նա դարձավ ամենահարգված ամերիկացիներից մեկը։