Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրություններից հետո կլինի նոր քաղաքապետարան եւ նոր ավագանի, որը օր ու գիշեր պետք է հաշվետու լինի քաղաքի բնակիչների առջեւ: Այս մասին հայտարարել է  Երեւանի քաղաքապետի «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Ռաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 10-ին կայացած նախընտրական քարոզարշավի մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։

Նրա համոզմամբ, նախընտրական քարոզարշավից եւ սեպտեմբերի 23-ին նախանշված Երեւանի ավագանու ընտրություններից հետո իշխանութունը կանցնի ժողովրդին։ «Այնքան կարեւոր չէ, թե ով է հաղթելու ընտրություններին, որքան կարեւոր է այն, որ շարքային երեւանցին վստահելու է իր ընտրությանը, քանի որ նոր քաղաքապետն ու նոր ավագանին հաշվետու են  լինելու բնակիչների առջեւ, եւ մինչեւ հաջորդ ընտրությունները երեւանցիները չպետք է դժգոհելու առիթ ունենան», -  նշել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, «Ժառանգություն» կուսակցությունը հուսով է, որ Երեւանի բնակչությունն իր կողքին կլինի։ «Եթե ես, որպես քաղաքապետի թեկնածու, երեւանցիների մեծամասնության վստահությանն արժանանամ, պատիվ կհամարեմ դառնալ մայրաքաղաքի հասարակական ծառայողներից մեկը, որը պաշտոնում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում ավագանու հետ միասին որոշումներ կկայացնի՝ ելնելով բացառապես Երեւանի բնակիչների, շահագրգիռ կողմերի ու մասնագետների դիրքորոշումից», - վստահեցրել է քաղաքական գործիչը։

Նա նշել է, որ 12 օրյա նախընտրական քարոզարշավի ընթացքում երեւանցիները ոչ միայն լսել են տարբեր տեսակետներ, այլեւ շատ ընդհանուր բաներ կգտնեն նախընտրական ծրագրերում։ «Դա նորմալ է, քանի որ բոլորին է հայտնի՝ երեւանցիներն ինչ խնդիրներ ունեն, սկսած մշակույթից, կրթությունից, արվեստից մինչեւ վերելակների վերանորոգում, քաղաքաշինություն եւ աղբահանություն։

Սակայն, երեւանցիները պետք է որոշեն, թե որ թիմն է ի վիճակի կատարել իր խոստոմները  ներդրումների, բյուջեի ավելացման, Հայաստանի ու սփյուռքի ներուժի միավորման վերաբերյալ՝  ի շահ մայրաքաղաքի»,- նշել է Ռաֆֆի Հովհաննիսյանը։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Սոնա Մալխասյանն իր հերթին հայտարարել է, որ իրենց թիմը պայքարելու է այն բանի համար, որ Երեւանը խելացի դառնա  ու տեխնոլոգիապես բարձր լինի։ «Կուսակցությունը մտադիր է կրկնապատկել Երեւանում կանաչ տարածքներն ու Հայաստանի մայրաքաղաքը վերածել Արեւմուտքի Սիլիկոնային հովտի։ Երեւանը պետք է դառնա փոքր ու միջին բիզնեսի քաղաք, որտեղ զարգանում են էկոլոգիապես մաքուր, բարձր տեխնոլոգիական արտադրությունը, արեւային էներգետիկան, թափոնների վերամշակումը», - նշել է նա։