Նախորդ շաբաթվա վերջին Նիդերլանդների արդարադատության նախարար Մարկ Հարբերսը չեղարկել է երկու հայ երեխաների` Հովիկի ու Լիլիի արտաքսման որոշումը եւ թույլ է տվել նրանց մնալ Նիդերլանդներում: Երեխաները հույս ունեն, որ նրանց մորը թույլ կտան միանալ իրենց, հայտնում է Dutch News-ը:
Հովիկի ու Լիլիի անհետացումը Հաագայում մեծ անհանգստություն ` առաջացրել. նրանք ուրբաթ փախել են իրենց տատիկ-պապիկի տնից Երեւան ուղարկվելուց ընդամենը մի քանի ժամ առաջ, երբ փաստաբաններին չի հաջողվել դատարանին համոզել դադարեցնել նրանց մեկնումը: Երեխաները AD.ly-ին հայտնել են, որ երախտապարտ են Հարբերսին` իր որոշումը փոխելու համար, եւ անհամբեր սպասում են, թե երբ են նորից գնալու դպրոց: Հովիկն ասել է, որ այժմ կարող է հանգիստ գնալ դպրոց` իմանալով, որ կարող է մնալ այնտեղ: Լիլին էլ ավելացրել է, որ ամեն անգամ դպրոց գնալիս թվում էր, թե շուտով անիմաստ է լինելու իրենց ողջ սովորածը, սիկ այժմ նրանք գոնե ապագա ունեն:
Երեխաների գործը մեծ աղբուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում: Երբ շաբաթ օրը ոստիկանությունը դիմել էր մարդկանց` օգնելու գտնել երեխաներին, #ikwerknietmee – չեմ համագործակցելու – հեշթեգով օգտատերերը խոստանում էին երեխաներին գտնելու դեպքում օթեւան տալ եւ չհանձնել իշխանություններին: Քրեական լրագրող Պետեր դե Ֆրիսը թվիթերում գրել է, որ երեխաներին հանձնողը NSB-ական է` մատնանշելով պատերազմի տարիներին հոլանդական նացիստական կուսակցությանը:
Լիլիի ու Հովիկի փաստաբանը հայտնել է, որ նախարարի որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց երեխաները վերադարձել են տատիկի տուն եւ կապ հաստատել իրենց մոր հետ: Լիլին ասել է, որ ամենավատին էին սպասում, երբ իրենց մերժել էին: Փաստաբանները պնդել են, որ երեխաների մայրը տառապում է հետտրավմատիկ սթրեսի սինդրոմից եւ չի կարող հոգ տանել նրանց մասին:
«Այն միտքը, որ կարող էինք հիմա Հայաստանում լինել, անհավանական էր: Այդպիսի պահերին սարսափելի ես զգում, բայց երբ վերջին պահին մի բան է պատահում, մտածում ես` տեսա՞ր, պետք է միշտ պայքարել», - ասել է Լիլին:
Հովիկն ասել է, որ հույս ունի, որ իր մորը թույլ կտան Նիդերլանդներում միանալ իր ընտանիքին:
«Ամենամեծ խնդիրը հիմա այն է, թե որքան դա կտեւի: Բայց մեր երազանքն է, որ, ի վերջո, երեքով կարողանանք միասին այստեղ ապրել», - ասել է Հովիկը:




























