ԱՄՆ-ն որոշել է փակել Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը Վաշինգթոնում, հայտարարել է պաղեստինցի պաշտոնյան՝ այս քայլը «վտանգավոր էսկալացիա» անվանելով, հաղորդում է AFP-ն:
Որոշումը կայացվել է Վաշինգթոնի վարչակազմի փորձերի ֆոնին` համոզելու Պաղեստինի ղեկավարությանը բանակցություններ սկսել Սպիտակ Տան կողմից մշակված խաղաղության ծրագրի վերաբերյալ: ԱՄՆ-ն նաեւ զայրացել է Միջազգային քրեական դատարանում Իսրայելի ռազմական հանցագործությունների հետաքննության անհրաժեշտության մասին Պաղեստինի հայտարարությունից:
Պաղեստինի պաշտոնյաները կարծում են, որ Վաշինգթոնում առաքելության փակման պատճառը նրանց ակտիվ քարոզարշավն էր Միջազգային Քրեական դատարանում:
«ԱՄՆ-ի պաշտոնատար անձը տեղեկացրել է մեզ ԱՄՆ-ում պաղեստինյան առաքելության փակման մասին», -ասվում է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գլխավոր քարտուղար Սաեբ Էրեկատի հայտարարության մեջ:




























