Գների կայունությունը Կենտրոնական բանկի հիմնական խնդիրն է, սակայն դա չի նշանակում, որ Կենտրոնական բանկը կարող է միայնակ այդ խնդիրը լուծել։ Այսպիսի խոստովանություն այսօր՝ փետրվարի 7-ին արեց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի հիմնական խնդիրն է։
Ըստ Ա. Ստեփանյանի՝ գնաճի վրա էական ազդեցություն են թողնում նաեւ կառավարության քայլերը՝ բյուջեի դեֆիցիտը զսպելու ուղղությամբ, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարության քաղաքականության արդյունավետությունը։
Վերջինս պետք է միջոցներ ձեռք առնի ցանքատարածությունները եւ բերքը ավելացնելու ուղղությամբ, ինչը դրական կանդրադառնա գյուղմթերքների գների վրա։
Ինչ վերաբերում է ԿԲ քայլերին, ապա Ա. Ստեփանյանը ուշադրություն հրավիրեց ապադոլարիզացիայի եւ դրամավարկային քաղաքականության պայմանների խստացման վրա։
Ապադոլարիզացիայի ուղղությամբ արդեն 2011 թ. մեկ կարեւոր քայլ իրականացվել է՝ փոխվել է պարտադիր պահուստավորման նորմատիվը։
Այսուհետ՝ ներգրավված արտարժութային միջոցների պահուստավորման 75 տոկոսն իրականացվելու է դրամով։
Ինչ վերաբերում է դրամավարկային պայմանների խստացմանը, ապա Ա. Ստեփանյանը ձեռնպահ մնաց վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխման վերաբերյալ հայտարարություններ կատարելուց։




























