Խորհրդային ավանդները պետք է վերադարձվեն ոչ միայն այն մարդկանց, ովքեր դեռեւս մեզ հետ են, այլեւ նրանց ժառանգներին, ովքեր չեն հասցրել ստանալ իրենց ավանդները: Երեւանի ավագանու խորհրդի արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Ավան-Արինջ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսելով, հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքով, խորհրդային ավանդների վերադարձը միշտ եղել է կուսակցության գործունեության կարեւորագույն ուղղություններից մեկը:
«Մարդիկ իրենց քրտինքով են վաստակել այդ փողերը եւ արդարությունը պահանջում է, որ այդ փողերը վերադարձվեն: Մենք միշտ պայքարել ենք ավանդների համար եւ ես կուսակցության եւ նրա ղեկավարի անունից խոստանում եմ, որ հաջողության դեպքում՝ քաղաքապետի ընտրություններում չէ, հետո(խորհրդարանական-խմբ.) կպայքարենք ավանդների լիրաժեք վերադարձի համար՝ ոչ միայն նրանց, ովքեր ողջ են, այլեւս նրանց ժառանգներին, ովքեր այդպես էլ չհասցրեցին ստանալ դրանք», - նշեց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին սկսվել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրությունները նշանակվեցին, երբ ավելի քան մեկ տարի առաջ քաղաքապետի պաշտոնում ընտրված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր իշխանությունների ճնշմամբ հրաժարական տվեց, իսկ նախկին կազմով ավագանիում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն կապիտուլյացիայի ենթարկվեց՝ հրաժարվելով նոր թեկնածու առաջադրել: Երբեմնի իշխող կուսակցությունը նոր ընտրություններին չի մասնակցում:
Երեւանի ավագանիում կընտրվի 65 մարդ: Ընտրությունների արդյունքներով մանդատների 40 տոկոսը ստացած քաղաքական ուժը (այդ թվում շեմը չհաղթահարածների հաշվին), բոնուսի շնորհիվ կտնօրինի տեղերի մեծամասնությունը եւ մայրաքաղաքի նոր քաղաքապետ կնշանակի:
Հիշեցնենք նաեւ, որ NEWS.am-ի հետ զրույցում Մհեր Շահգելդյանը Երեւանի քաղաքապետ դառնալու իր հնարավորությունները «շատ լուրջ» էր գնահատել:




























